▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր մտքեր մտավորականության մասին

Յուրաքանչյուր ժամանակաշրջանում և բոլոր հասարակարգերում հասարակության շարժիչ ուժ է համարվել այդ հասարակության սերուցքը՝ մտավորականությունը: Կարծում եմ, որ արդի հայաստանյան իրականության պրոբլեմների հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ վերջին քսան տարիների ընթացքում մենք այդպես էլ չունեցանք այն շերտը, որը կոչված կլիներ հանել մեզ այն ճահճից, որում հայտնվել է 21-րդ դարի հայաստանցին: Ընդ որում, խոսքը ավելի շատ բարոյականի մասին է, քան նյութականի:

Դեռ միջին դարերում եվրոպական երկրների թագավորների ամենամտերիմ մարդկանցից են եղել պալատական ծաղրածուները (խեղկատակները), որոնց թույլատրված էր կատակի կամ հումորի տեսքով ասել այն, ինչի համար մնացած բոլորին կարող էին կախաղան հանել: Այսինքն, նրանք մարդիկ էին, որոնք առաջին հերթին բավականին կրթված և առաջադեմ էին, նկատում էին թե իրենց ղեկավարի և թե նրա շրջապատի բոլոր թերությունները  և, որ ամենակարևորն է, այդ ամենի մասին բարձրաձայնում էին: Այսինքն անում էին այն, ինչ 19-20 դարերում անում էին մտավորականները:  

Ցավոք, անկախ Հայաստանի քսանամյա պատմության ընթացքում մենք չկարողացանք  ձևավորել այն խավը, որը կկոչվեր մտավորական: Պալատական ծաղրածու՝ ինչքան ուզեք (ցավոք, 21-րդ դարի պալատական ծաղրածուն ամենևին էլ նման չէ միջնադարի իր կոլեգային), բայց ոչ մտավորական: Անկախ Հայաստանի «մտավորականները»  խիզախ են միայն այն հարցերում, որոնք, իրենց կարծիքով, անվտանգ են: Օրինակ լեզվի անաղարտության, բնապահպանության, դելֆինների կամ շների պաշտպանության և այլ նմանատիպ «անմեղ» հարցերում: Վերջին քսան տարիների ընթացքում ես չեմ տեսել մի մտավորականի (բացառությամբ այն մի քանի անհատների, որոնք կայացել են դեռ խորհրդային ժամանակահատվածում՝ Սոս Սարգսյան, Երվանդ Մանարյան, Ռոբերտ Սահակյանց, Ռուբեն Հախվերդյան), որոնք ունենան իրենց քաղաքացիական հստակ դիքորոշումը այս կամ այն հարցի շուրջ և փորձեն դժվար պահերին ճիշտ ուղղորդել հասարակությանը: Խոսքս ոչ թե քաղաքական, այլ քաղաքացիական դիքորոշման մասին է: Բացառության կարգով կարող եմ նշել միայն Դավիթ Ամալյանին և Հովհաննես Ազոյանին: Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերում նրանց արվեստին, Դավիթն ու Հովիկը գոնե չեն վախենում իրենց հստակ դիրքորոշումը արտահայտել բոլոր հարցերում: Նրանք, ի տարբերություն մնացածի, հեղուկի նման չեն ընդունում այն ձևաչափը, որտեղ իրենց լցնում են: Մնացած բոլորը՝ սկսած իրենց գրող համարող անհասկանալի մարդկանցից, վերջացրած իրենց աստղ համարող անհասկանալի սեռի և տեսքի կերպարներից աշխատել են «ով էշ, ես՝ փալան» սկզբունքով, լավագույն դեպքում միայն գովերգելով տվյալ պահին գործող իշխանությանը: 

Այս հոդվածը որոշեցի գրել այն բանից հետո, երբ դերասան Սերգեյ Դանելյանը, որին, դատելով իր վերջին մեկ-երկու տարվա հոդվածներից, հետաքրքրում էր բացառապես  սեքսը, որոշեց քաղաքացիական դիրքորոշում դրսևորել և խոսել Թեղուտի անտառների մասին (թեև անգամ այստեղ նա չկարողացավ շրջանցել սեքսի թեման):  Ասում են, հիմա էլ՝ լոռեցիներից ներողություն խնդրելուց հետո, ինքը, ինչպես տիպիկ հայ մտավորական, անցել է ընդհատակ, բայց բարեխոսել է մի քանի այլ «մտավորականների», որպեսզի վերջիններս նկարահանվեն  Թեղուտի թեմայով ինչ-որ տեսահոլովակում: Վերջիններս էլ համաձայնվել են: Իսկ ինչու պետք է հրաժարվեին: Անշառ թեմա է: Բա հո «Մարտի 1»-ը չէ՞, որ խխուջի նման թաքնվեն իրենց պատյաններում: Տրանսսեքսուալների ու աղանդների թեմա չէ: Առավել ևս կոռուպցիայի և օլիգարխների մասին որևե հոդաբաշխ միտք մեր «մտավորականները» երբևիցե չեն արտահայտել:  Ընդ որում, խոսքս ոչ թե քննադատելու ու «քլնգելու» մասին է, այլ՝ տեսակետ և դիրքորոշում արտահայտելու: Նրանք ոչ պաշտպանում են նման երևույթները, քանզի հասկանում են, որ հասարակությունը (այդ թվում նաև իրենց հանդիսատեսը) լավ չի ընդունի իրենց այդ դիրքորոշումը, ոչ էլ քննադատում են, հասկանալով որ թեման կարող է վտանգավոր լինել:  Իսկ այս դեպքում, ըստ իրենց, «ոչ շիշը կվառվի, ոչ քյաբաբը»: Բայց արի ու տես, որ վառվեց: Ու Սերգեյ Դանիելյանը ստիպված եղավ ներողություն խնդրել լոռեցիներից: Որովհետև նույն այդ թեղուտցիները առաջարկեցին Յոժին հրաժարվել էժանագին սերիալներից և գնալ իրենց հետ մորի հավաքել այդ անտառներում  և փորձել այդպես ընտանիք պահել, ոչ թե ամեն օր եթերից աղբ լցնել մեր տները, իսկ սերիալից ազատ ժամերին, զբաղվել «բարձր թեմաների» շուրջ մտավարժանքներով: 

Հեղինակ` Կարեն Քոչարյան

Աղբյուր` ejournal.am

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին