▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը կայացրե՞լ է որոշումն ու դրա մասին կհայտարարի՞ այսօր

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Այս մասին նա այսօր հայտնելու է Բրյուսելում Եվրամիության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:


Այս մասին գրում է Առաջին լրատվական` 1in.am-ն ու նշում, որ  մեկ այլ տեղեկության համաձայն մոտ մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ժամանակ Ծառուկյանը վերջնականապես հայտնել է առաջադրվելու մասին իր կայացրած որոշման մասին:

Դ դեռ նոյեմբերի 21-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց էր տվել ԲՀԿ-ական կայքերից մեկին, որտեղ հայտարարել է, թե արդեն իր որոշումը կայացրել է` կապված առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

«Բնականաբար, նման կարևորագույն որոշումները չեն ընդունվում վերջին պահին և հանպատրաստից: Ասեմ ավելին. ես իմ մեջ որոշումն արդեն կայացրել եմ: Այլ հարց է, որ քանի դեռ ընտրական օրենսդրությունը թույլ է տալիս այն չհրապարակել, ես օգտվում եմ այդ հնարավորությունից: Մյուս կողմից, սա նաև օպտիմալ ժամանակահատված է` կուսակցական ընկերների և քաղաքական դաշտում գործընկեր կուսակցությունների կարծիքները և առաջարկները լսելու համար»,- ասել էր նա:

Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում Գագիկ Ծառուկյանի կենսագրական տվյալներ բաժնում գրված է, որ վերջինս ծնվել է 1956թ. նոյեմբերի 25-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում:

1989թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ուսուցիչ, ըմբշամարտի մարզիչ: 1996թ. բազկամարտի աշխարհի և 1998թ. Եվրոպայի չեմպիոն: 2004 թվականից` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:

1989-1990թթ. եղել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ջերմոցային տնտեսության գլխավոր ճարտարագետ, 1990-1992թթ.` «Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն: 1992 թվականից ծավալել է ագարակատիրական և ձեռնարկատիրական գործունեություն. ստեղծել է անասնապահական համալիր և կաթնամթերքի արտադրության ձեռնարկություն (Աբովյանի տարածաշրջան, գ. Առինջ): 1995-ից մի շարք ձեռնարկություններից (1996թ.՝ Աբովյանի «Կոտայք» գարեջրի, 1997թ.՝ Աբովյանի չափիչ սարքերի գործարաններ, Երևանի քիմիադեղագործական ֆիրմա, 1997-1998թթ.՝ կահույքի խանութների MEK ցանց, 1998թ.՝ «Ավիասերվիս» բաժնետիրական ընկերություն, «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիասնունդ» ձեռնարկություն, 1999-2002թթ.՝ «Մուլտի Լեոն» բենզագազալցակայանների ցանց, 2002թ.՝ «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն, «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատ, 2003թ.՝ Արարատի ցեմենտի գործարան) կազմված «Մուլտի Գրուպ» բազմաճյուղ կոնցեռնի հիմնադիրն է:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 28 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի վեց երեխա:

Կենսագրական տվյալները ներկայացնելուց հետո ,  Առաջին լրատվականը նաև գրում է, թե ուշագրավ է, որ Գագիկ Ծառուկյանն իր կենսագրությունն սկսում է 1989 թվականից, երբ արդեն 33 տարեկան էր ու նաև նշում է, թե իր տրամադրության տակ առկա են մի շարք ուշագրավ փաստաթղթեր, որոնք առաջիկայում կհրապարակվեն և լույս կսփռեն Գագիկ Ծառուկյանի երիտասարդ տարիների կյանքի և գործունեության մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին