Տոնական գույներ, ուրախ երաժշտություն, բարձր տրամադրություն և համեղ բուրգերներ. այսպիսին էր «Օրրանում» այս տարվա հունիսի 1-ը:
Դեռ վաղ առավոտյան կենտրոնի սաները հավաքվել էին՝ միասին նշելու Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Կեսօրին ուրախ տրամադրությունը կրկնապատկվեց, երբ սկսվեցին ավանդական դարձած ամենամյա բուրգերների պատրաստման աշխատանքները, որի համար ժամանել էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցները՝ իրենց հետ բերելով պրոֆեսիոնալ բարբեքյուի համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
«Օրրանի» սաներին այս տոնական օրը ուրախացնելու համար Գյումրիից Երևան էր եկել Օլիմպիական խաղերի եռակի մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, նա էլ դարձավ այս տարվա շեֆ-խոհարարը։ Երեխաները հիացմունքով ու մեծ խանդավառությամբ ընդունեցին հյուրին, ով նրանցից շատերի համար ոգեշնչման մեծ աղբյուր է հանդիսանում։
Իր խոսքում Արթուր Ալեքսանյանը կարևորեց «Օրրանի» գործունեությունը և շեշտեց, որ շուրաքանչյուր երեխա անհոգ մանկության իրավունք ունի, և ուրախ է, որ Օրրանը նման միջավայր և պայմաններ է ապահովում երեխաների համար։
Հյուրերի հոսքը շարունակվեց ողջ օրվա ընթացքում: «Օրրանի» սաներին շնորհավորելու էին եկել բազմաթիվ հյուրեր` ընկերներ, արվեստագետներ` անվանի երգիչներ, դերասաններ, ովքեր մասնակցեցին տոնախմբությանը` ուրախ ժամանակ վայելելով «Օրրանի» ջերմ ու հյուրընկալ հարկի ներքո: Բոլորը մեծ սիրով շնորհավորեցին երեխաներին տոնի կապակցությամբ, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին «Օրրանի» հիմնադիրներին և անձնակազմին՝ նրանց կողմից շարունակաբար իրականացվող աշխատանքների համար:
Երեխաների տոնն ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ՝ ուղեկցված երգով, պարով, տարբեր խաղերով, աճպարարական հնարքներով: Օրվա ավարտին հյուրընկալված երեխաները ստացան «Օրրան» կենտրոնի կողմից անակնկալ նվերներ: