▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր գործով զբաղվեք, ամո՛թ է

Կարող ես հանգիստ նստել ու շունչ քաշել, Արմեն ջան, կարծես թե երկու շաբաթ առաջ տասնյակից ավելի եղվարդցի երեխեքի ու մանկապարտեզի աշխատակիցների թունավորման դեպքի մասին մամուլում էլ առաջվա պես շատ չեն գրում։ Կարծես թե ալիքն անցավ, ու էդ զզվելի լրագրողները հանդարտվեցին. էլ չեն գոռում, չեն պահանջում, չեն հայհոյում առաջվա պես։ Լրագրողները հաստատ ուրիշ թեմաներ են գտել արդեն ու գուցե սրանից բարդ դեպքեր են էս պահին առել իրենց թիրախում։ Քեզ ե՞րբ կանդրադառնան մյուս անգամ, հաջորդ թունավորման դեպքի ժամանա՞կ։ Իհարկե, գուցե մինչև այդ բախտդ բերի, ու մի երկու փախած կայք քո հիմնարկի նավթալինոտ փռեսզռիլիզները տարածի, բայց կարծում եմ՝ հանրային գիտակցության մեջ որպես սև խաղացող ես մնալու։ Էդ ընթացքում ի՞նչ ես անելու, կփորձես աշխատե՞լ, թե՞ հիմնական փեշակդ մոռացած՝ էլի կանցնես պաշտոնյաների հետ հարաբերություններդ ջերմացնելուն։ Կարծում եմ՝ երկուսս էլ գիտենք, որ հարաբերություններ դզելով տարվելն է ողջ գործդ փչացնելու։ 
Շատ խորացա կարծես թե ու չհասցրի էլ նախաբան գրել։ Ուրեմն էսպես. Արմենը Արմեն Հայրապետյանն է՝ փառապանծ Սփյուռքի նախարարի նախկին տեղակալը, ում վերջերս են նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։ Էս պարոնը կարևոր ու պատասխանատու գործի է նշանակվել։ Պաշտոնի անունը հենց հուշում է, որ պետք է սննդի անվտանգությունն ապահովի հանրապետությունում։ Բայց արի ու տես՝ նրան գործի բնույթն այնքան էլ չի հետաքրքում, կարևորը պաշտոնի անունն է, որ հնչեղ լինի, ու մոտիկների շրջանում էլ ասի՝ ախպեր թազա գորձ են տվել վերևներում։ Արմենը չի կատարում իր պարտականությունները, այդ պատճառով երեխաներ են թունավորվում։ Եթե Արմենը խելքը գլուխը չհավաքի, վստահաբար էլի կշարունակեն թունավորվել։ Գուցե Արմենի երեխաներն էլիտար մանկապարտեզներ են գնացել կամ գնում ու էլիտար սնունդ են ուտում, բայց մեր երեխեքը հասարակ են, որովհետև մենք ենք հասարակ ու էլ չենք ուզում, որ մերոնք թունավորվեն։ Էնպես որ, Արմեն ջան, քեզ հավաքի։ Գիտեմ, որ սա կարդաս, վատ կզգաս քեզ։ Նաև գիտեմ, որ կաշխատես ու քեզ բացասական երանգով հիշելու առիթ էլ չես տա։

Գևորգ Ալեքսանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին