▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր օրինագիծը չի կարող աշխատել, դուք ոչ մի բան չեք կարող դրանով անել․ Իմքայլականը՝ Անի Սամսոնյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը վերապահումներ ուներ ԼՀԿ խմբակցության պատգամավոր  Անի Սամսոնյանի հեղինակած նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է՝ ավագանին հավանի համայնքին տրված նվիրատվությունը, նոր ընդունի, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությանը, որը կձևակերպվի գաղտնի գրիֆով։

«Նվիրաբերությունը կարող է լինել միակողմանի գործարք։ Ես միակողմանի կարող եմ նվիարբերել գույք, այդ թվում նաև համայնքին, հանրօգուտ նպատակներով՝ այլ տնտեսվարող սուբյեկտներին։ Հիմա, եթե ես միակողմանի նվիարաբերում եմ, այս օրենքը ընդունեցինք, ինչպե՞ս է ավագանին մինչև իմ նվիարբերության գործարք կատարելը, որոշում կայացնելու, որովհետև գործարք կատարելը նվիրաբերություն է, ես գումար եմ ուզում փոխանցեմ համայնքին, փոխանցեցի, մինչև այդ համայնքը դրա մասին չգիտի։ Ինչպե՞ս է ավագանին մինչև իմ գումարի փոխանցումը որոշում կայացնելու, ես փոխանցե՞մ, թե՞ ոչ»,- Բաղդասարյանը հարցրել է պատգամավորն ու իր իսկ հարցին պատասխանել է, թե գործող օրենքի համաձայն՝ նվիրաբերությունից հետո, այդ թվում համայնքը կարող է հրաժարվել այդ գործարքից։

«Հիմա Դուք կամ պետք է գնաք․ Քաղաքացիական օրենսգիրքը ամբողջությամբ փոխեք, ոչ թե միայն համայնքների վերաբերյալ ասեք, որ նվիրաբերությունը չի կարող լինել միակողմանի գործարք, ըստ այդմ՝ դա կարող է լինել երկկողմանի գործարք, նոր Ձեր օրենքի նախագիծը կաշխատի։ Կամ, եթե Դուք չփոխեք, Ձեր օրենքի նախագիծը չի կարող աշխատել»,- նկատել է  Նիկոլայ Բաղդասարյանը։

Մինչ այդ՝ իր ելույթում  Անի Սամսոնյանը հիշեցրել էր, որ առաջին ընթերցմամբ առաջարկվում էր, որ համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն տա նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը։

Սա ըստ Անի Սամսոնյանի՝ ռիսկերը կառավարելի կդարձնի։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջարկներ է ներկայացրել։

Մասնավորապես ըստ ԲՀԿ-ի՝ սահմանամերձ համայնքներում նվիրատվությունները կարող են լինել պաշտպանական բնույթի, հետևաբար թափանցիկության հարցում հնարավոր է խնդիրներ առաջանան։ Անի Սամսոնյանը ԲՀԿ-ի առաջարկությունն ընդունել է ու փոփոխություն է կատարել նախագծում հետևյալ բովանդակությամբ՝ «Համայնքի ավագանին իր որոշմամբ հավանություն է տալիս նվիրատվության ընդունմանն այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, իսկ նվիրատվության առարկայի արժեքը (գումարը) գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ինչից հետո միայն համայնքի ղեկավարն իրավասու է կնքելու նվիրատվության պայմանագիրը, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերում պաշտպանական բնույթի նվիրատվությանը, որը ձևակերպվում է գաղտնի գրիֆով»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը բանավոր առաջարկել է, որ այս նախագիծը տարածվի առևտրային կազմակերպությունների վրա։ Սակայն, նախագծի հեղինակ Անի Սամսոնյանը ռիսկեր է նկատել, որ նվիրատվությունը կարող է ձևակերպեն այլ ճանապարհներով, այսինքն՝ շրջանցեն օրենքը։ Առաջարկություն է եղել նաև նախագծի երկրորդ ընթերցումը 2 ամսով հետաձգել, բայց Անի Սամսոնյանը չի ընդունել առաջարկը, դա ունի իր պատճառը։

«Այս պահին Երևան համայնքը շարունակում է գույք ստանալ որպես նվիրաբերություն, և այդ գործարքները մնում են անկառավարելի»,- նկատել է  նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին