Հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ճանապարհի վրա տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքում կայացվել է որոշում վարորդներից մեկին՝ Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին:
Որոշման իրավական հիմքերի մասին «Հետք»-ը զրուցել է դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի հետ:
«Քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական հետապնդման մարմինն իրավունք ունի որոշում կայացնել անձին ձերբակալելու մասին, եթե քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք, ընդ որում` նա գտնվում է այլ տեղանքում, կամ նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Վարդան Պետրոսյանը չի գտնվել այլ տեղանքում, իր գտնվելու վայրը հայտնի է եղել վարույթ իրականացնող մարմնին, հետևաբար վարույթ իրականացնող մարմինը, գիտակցաբար կոպիտ կերպով խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` իմ կողմից նշված հոդվածի պահանջները, որոշում է ընդունել Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին: Իսկ թե ինչու է նախաքննական մարմինը խախտել օրենքը, չեմ կարող ասել»,-ասել է Նիկոլայ Բաղդասարյանը` հավելելով.
«Վարդան Պետրոսյանը ներկայումս կասկածյալ է, սակայն գտնվում է հիվանդանոցում, քանի որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան մեկուսացնել. նոր է տարել բարդ վիրահատություն, հեռացվել է կենսական օրգան, մշտական բժշկական խնամքի կարիք ունի, ինքնուրույն չի կարող տեղաշարժվել: Նոյեմբերի 5-ին Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության ծառայության բժշկի կողմից առաջարկվել է Վարդան Պետրոսյանին տեղափոխել հիվանդանոց: Հաջորդ օրը առավոտյան, երբ Վարդան Պետրոսյանին պետք է տեղափոխեին հիվանդանոց, ոստիկանության աշխատակիցները առավոտյան Վարդան Պետրոսյանին հանձնել են ծանուցագիր, որ նա նոյեմբերի 7-ին պետք է ներկայանա ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժանմունք՝ որպես վկա ցուցմունք տալու համար: Սակայն քիչ անց ոստիկանության նույն աշխատակիցները Վարդան Պետրոսյանին հայտնել են, որ նրա նկատմամբ որոշում է կայացվել ձերբակալելու մասին»:
Հարցին, թե եղե՞լ է նմանատիպ դեպք, երբ մեկ կողմին լսելով՝ փորձաքննություն նշանակվի,-փաստաբանը պատասխանել է.
«Որպես փաստաբան` 16 տարվա աշխատանքային փորձ ունեմ, նման դեպք չեմ հիշում: Ավտովթարների գործերով քննիչը պարտավոր է լսել վթարի բոլոր մասնակիցներին և բոլոր կողմերի ցուցմունքներում արտացոլած ելակետային տվյալները ներկայացնել դատաավտոտեխնիկական փորձագետներին, եթե, իհարկե, հակված են օբյեկտիվ քննություն իրականացնել: Եթե վթարի մասնակիցներից մեկը, առողջական վիճակից ելնելով, չի կարող ցուցմունք տալ, ապա քննիչը պարտավոր է սպասել վերջինիս ապաքինվելուն, հարցաքննել նրան, նոր միայն նշանակել դատաավտոտեխնիկական փորձաքննություն»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում