Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական կետի վրա:
![]()
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 01.35-ի սահմաններում դիմակավորված անձը, զինված ատրճանակով, գույք հափշտակելու նպատակով, հարձակում է գործել «Վիվառո» բուքմեյքերական ընկերությանը պատկանող Երեւան քաղաքի Ավան Սաֆարյան փողոցի 410̸3 հասցեում գտնվող գրասենյակի վրա, որից հետո ապօրինի կերպով մուտք է գործել գրասենյակի օպերատորի համար առանձնացված սենյակ եւ նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել սեղանի վրա դրված 200.000 ՀՀ դրամը եւ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական գործերի քննության շրջանակներում ձեռնարկված ՕՀ միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀ բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին: Պարզվել է նաեւ, որ հանցագործության կատարման ժամանակ, որպես տրանսպորտային միջոց օգտագործվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան, որի վրա տեղադրված են եղել կեղծ համարանիշեր:
Միջնորդություն է ներկայացվել ավտոմեքենան խուզարկելու թույլտվություն ստանաու մասին: Ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ իր փամփշտատուփով:
06.09.2018 թ.՝ ժամը 10:01-ին ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչություն է բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիկր բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացին՝ ավազակային հարձակում կատարեու կասկածանքով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Կասկածյալը հրաժարվել է ցուցմունք տալուց:
Նախաքննությունը շարունակվում է:


