Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը նախաձեռնել է բարեգործական մի ձեռնարկ, որի շնորհիվ ս/թ. դեկտեմբերի 22-ին օգնություն է ցուցաբերվելու Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող փախստական ու հայրենադարձ ընտանիքներին:
Դարբնիկը փոքրիկ գյուղ է, որի 1200 բնակիչների 90 տոկոսը Հայաստանում ապաստան գտած սիրիահայ, իրաքահայ և ադրբեջանահայ ընտանիքներ են: Այս անձիք անցնելով դժվարին և վտանգավոր պայմանների միջով՝ հաստատվել են Հայրենիքում: Նրանց կենսապայմանները բարվոք չեն, բացակայում են անհրաժեշտ կենցաղային պայմաններ, տրանսպորտի խնդիրը նույնպես դեռևս չլուծված առաջնային խնդիրների շարքում է: Այս ամենի հետ մեկտեղ Դարբնիկում բնակվող փախստական ընտանիքներն ունեն նաև հասարակական-քաղաքացիական կյանքում ներգրավվելու խնդիր:
Նկատի ունենալով այս ամենը և միանալով ՀՀ սփյուռքի նախարարության կոչին՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը նախաձեռնել է «Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար» բարեգործական ձեռնարկը՝ ցանկանալով Ամանորի նախաշեմին դույզն-ինչ թեթևացնել փախստական կարիքավոր ընտանիքների հոգսերը: Սույն ձեռնարկի շրջանակում նախատեսվում է ընտանիքներին նվիրել ձմեռային հագուստի, գրենական պիտույքների, քաղցրավենիքի և խաղալիքների փաթեթներ: Այս առթիվ ԵԱԴ-ը դիմել է պետական կառույցներին, Հայաստանում հավատամագրված դեսպաններին, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին` ձեռնարկին միանալու և միասնաբար աջակցություն ցուցաբերելու կոչով: Սոցիալական ցանցերում ստեղծվել են ձեռնարկին վերաբերող էջեր, տպագրվել են տեղեկատվական թռուցիկներ՝ հասարակության լայն շերտերին մասնակից դարձնելու համար:
ԵԱԴ-ին այս նախաձեռնությունում իրենց աջակցությունն են հայտնել արդեն Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, Արարատյան Հայրապետական թեմը, Չարենցավանի երիտասարդական ակումբը, «Բարեկամություն» ՀԿ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Երևանի կանանց միջազգային միավորումը, մի շարք անհատներ Հայաստանից ու Սփյուռքից: Բոլոր հետաքրքրված անձիք կարող են մասը կազմել «Ձեռք ձեռքի` Դարբնիկի համար» բարեգործական նախաձեռնությանը՝ կատարելով ցանկացած նվիրատվություն մինչև ս/թ. դեկտեմբերի 19-ը ներառյալ: Նրանք կհրավիրվեն դեկտեմբերի 22-ին միասին այցելելու Դարբնիկ:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԵԱԴ գրասենյակ 010588768 հեռախոսահամարով: Առցանց հարթակում կարող եք միանալ նախաձեռնությանը: