▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան սպանություն Չինարիում. մշակույթի տան տնօրենը խեղդամահ է արել իր կնոջը՝ իմիտացիա ստեղծելով, թե ինքնասպան է եղել

 

Տավուշի մարզում, հունվարի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Չինարի բնակավայրի տներից մեկում կնոջ դի կա կախված։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։00-ից մինչև 16։40-ն ընկած ժամանակահատվածում, ըստ նախնական տեղեկությունների, Չինարի բնակավայրի բնակիչ՝ 30-ամյա Նաիրուհի Ա-ն իրենց տան ննջասենյակում մանկական օրորոցից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։

Դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ։ Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները կասկածներ են ունեցել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ, այլ իմիտացիա, և ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզել են, որ հունվարի 22-ին, ժամը 15։00-ի սահմաններում Չինարի բնակավայրի բնակիչ՝ 31-ամյա Գևորգ Պետրոսյանը իր առանձնատան ննջասենյակում Նաիրուհի Ա-ին հակի թելով խեղդամահ է արել։

Փաստի առթիվ Բերդի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Պետրոսյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանն աշխատում է Չինարի բնակավայրի մշակույթի տան տնօրեն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին