▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը պահանջում է զրկել Սուքիասյաններին «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից․ քրգործ է հարուցվել

Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, գրում է «Հետքը»:

Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և իր ընտանիքի անդամներին պատկանող ընկերությանը՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Վարչական դատավարությունից բացի Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել (քրեական գործ է հարուցվել)։

Տեղի ունեցող իրավական գործընթացի համար հիմք է հանդիսացել «Հետքի» նախորդ տարի հրապարակած հետաքննությունը, որտեղ մանրամասներ ենք ներկայացրել «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունից, որը տեղի էր ունեցել 25 տարի առաջ։

$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»

Իրավական այս գործընթացը տեղի է ունենում Գլխավոր դատախազի պաշտոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Աննա Վարդապետյանի ընտրությունից կարճ ժամանակ անց։ Վարդապետյանը Գլխավոր դատախազի պաշտոնում իր աշխատանքն սկսեց այս տարվա սեպտեմբերի 15-ից։

«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հատնել են, որ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով»» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վարչական դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքախխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։

Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ստանալով Դատախազության հայցադիմումը, որոշել է այն վարույթ ընդունել, բավարարել հայցի ապահման միջոց կիառելու միջնորդությունը և նախնկան դատական նիստ հրավիրել։

Այդպիսով արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որպեսզի այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023 թ-ի փետրվարի 16-ին։

Նշենք նաև, որ Գլխավոր դատախազությունը վարչական հայց հարուցելուց բացի գրեական գործ հարուցելու մասին է հայտնել մեզ։ Դատախազությունից այլ մանրամասներ չեն հայտնել, թե Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթը։ Պարզ չէ նաև, թե քննչական որ մարմինն է իրականացնելու մինչդատական վարույթը։

Հիշեցնենք, որ «Սիլ պլազայի» սեփականաշնորհման որոշումը կայացրել է Երևանի քաղաքախային խորհրդի գործկոմի նախագահը Վահագն Խաչատուրյանը, որն այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը։ Ենթադրվում է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմինները նրան հարցեր կունենան սեփականաշնորհման որոշման օրինականության վերաբերյալ։ Ինքը՝ Վահագն Խաչատուրյանը, «Հետքի» հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արամի 3 պատմական շենքի սեփականաշնորհման գործարքը համարել էր լավագույն գործարքը Երևան քաղաքի պատմության մեջ։ Դիտարկամանը, որ սեփականաշնորհումն իր նպատակին չի ծառայել՝ չդառնալով հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն, ինչպես դրված էր սեփականաշնորհման որոշման հիմքում, Վահագն Խաչատուրյանը չի համաձայնել։

«Հետաքննողները, որ մի քիչ լավ հետաքննեին կտեսնեին, որ այնտեղ իսկապես եղել է պատկերասրահ, դա չի աշխատել և ի վերջո ծառայում է այն նպատակին, ինչ կա, ինչ խնդիր կա այնտեղ»,- հայտարարել էր Վահագն Խաչատուրյանը։

«Սիլ պլազայի» սեփականատեր դարձած, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էլ «Հետք»-ի հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործարքի ժամանակ իրենց խնդրել են գնել Արամի 3 և 5 շենքերը՝ չմանրամասնելով, թե ով է խնդրել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին