«Արդար ընտրություններում 3 խմբակցություններն էլ ստացել են ժողովրդի քվեն, բայց կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը երբեմն մոռանում է, որ ԱԺ-ում 3 խմբակցություն կա»,- այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» միջև տեղի ունեցած միջադեպին։
«Այստեղ պիտի լինեն տարակարծություններ, բանավեճեր, սա է քաղաքականությունը։ Քաղաքականապես հասուն լինելու վկայությունը ընդդիմադիրների խոսքը լսել կարողանալն է և կոռեկտության սահմաններից դուրս չգալը այս խոսքը լսելիս»,- նշեց Գևորգ Գորգիսյանը։
Ըստ Գորգիսյանի՝ «Իմ քայլի» անդամները «մսխում են իրենց խորհրդարան բերող անձի քաղաքական ռեսուրսները»։
«Այ հենց Դուք, որ հիմա ծիծաղում եք, չկարողացաք դրսևորել քաղաքական հասունություն և հավուր պատշաճի գալ քաղաքական երկխոսության դաշտ»․- ընդգծեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ԱԺ-ում հայտարարեց՝ նորմալ է, որ 3 խմբակցությունների անդամների կարծիքները հակադրվում են։
«Ես Ձեզ խնդրում եմ՝ փոխեք Ձեր ընդդիմադիր կեցվածքը այս դահլիճում այնպես, որ նմանատիպ դիսկուրս չառաջանա, որովհետև այն ընկալվում է այնպես, որ մեր կողմից արժանանում եք այն պատասխանին, որին այդ պահին արժանի եք։ Երեկվա Ձեր և Էդմոն Մարուքյանի արտիստիկ հայտարարությունները, հիշեցնելով նախկին խորհրդարանին, պարոն Սուրեն Գրիգորյանին համեմատում եք նախկինների հետ, Դուք եք անընդհատ նրանց առաջին պլան բերում, դուք եք բզբզում»,- դիմելով Գևորգ Գորգիսյանին՝ ասաց Արփի Դավոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։