▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիլիջանի քրեականի պետը ծեծել է 16-ամյա տղային

Թարմացված․ Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Հայտնում ենք, որ վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակցին:

Վերոգրյալի կապակցությամբ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնում մնալով՝ կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:
Ծառայողական քննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Թարմացված․ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն մեկնաբանել է համացանցում տարածված տեսանյութը՝ հայտնելով, որ դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին։

«Քաղաքացու հաղորդումը Դատախազությունից ՀՀ քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին և նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ 2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։

Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նախաքննության ընթացքում Ա․ Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում, այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ա․ Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք՝ 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջալու, այսինքն ոչ ռեաբիլիտացնող հիմքով, քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է»,-լրատվամիջոցներին ասել է Աբրահամյանը։

 

ArmLur.am-ը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետը հյուրանոցներից մեկում ծեծում է 16-ամյա անչափահաս տղային:

Ներքին Գործերի Նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր և համար պատվիրում, մատուցողն ասում է, որ պատվիրված համարի դիմաց պետք է գումար վճարել, որից հետո սկսվում է քրեականի պետի ու աշխատակցի հետ գումարի շուրջ խոսակցություն, ինչից հետո էլ քրեականի պետը սկսում է հարվածներ հասցնել 16-ամյա մատուցողին:

Այս դեպի առթիվ հարուցվել է քրեական վարույթ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին