▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան

***

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դիմակավորված անձանց կողմից խոշտանգման դեպք է տեղի ունեցել։ Այս մասին  մամուլի ասուլիսին հայտնեց նրա փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Այդպիսի դրվագները կարելի է միայն լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձանցից։ Ասլանյանի հետ ունեցած միջադեպից Սամվելը որեւէ վնասվածք չի ստացել։ Երբ դեպքի մասին տեղեկացել եմ, անմիջապես իջել եմ Դատաբժշկական փորձաքննության կենտրոն, ու Սամվելին բերեցին, ես նրան տեսա իր տաբատի ծնկների հատվածում թարմ խոտի տեղերն էին, դեմքի ճակատային հատվածն ուռած էր, աջ ձեռքը ուռած էր, ձախ քունքը վնասված էր, ուսն ու ձեռքն էր քերծված»,- նշեց նա։

Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել Սամվել Վարդանյանի հետ․

«Երբ իրենք դուրս են գալիս ոստիկանների ուղեկցությամբ դուրս են գալիս, որ գնան ՁՎՊ, ընդամենը մեկուկես րոպեի հեռավորության վրա կանգնած է ոստիկանական մեքենան, ոստիկանության քաղաքացիական հագուստով 2 աշխատակիցները ասում են, որ իրենք կարիք ունեն իրենց բնական կարիքները հոգալու, Սամվելին տեղեկացրել ու մեքենայից դուրս են եկել։ Այնուհետեւ ամբողջովին սեւ հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, սկսում են նրան ձեռքերով հարվածել, այդ ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, այնուհետեւ ստիպում են Սամվելին, որպեսզի ինքը կրկնի իր վերաբերյալ հնչած սեռական բնույթի հայհոյանքները, բնականաբար Սամվել ըմբոստանում է, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում, գուցե վախեցնելու նպատակով։ Այն վարքը, որը ցուցաբերել են այդ ոչնչությունները, այդպիսի վարք մենք միայն լսել են ռազմագերիներից»։

Փաստաբանն ասաց, որ այժմ իր պաշտպանյալն իրեն լավ է զգում․ «Սա Հայաստանում ամենազազրելի դեպքն է, որը եղել է մեր հանրային կյանքում»։

Դիտեք նաև՝

 

***

 

***

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկությունը հայտնել է «Սպուտնիկ Արմենիա»-ին։

Հիշեցնենք՝ այսօր փաստաբանները ներկայացրին սահմռկեցուցիչ դեպքի մանրամասները․ Սամվել Վարդանյաանին ձերբակալվածների պահման վայր տեղափոխող ոստիկանները, բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, դուրս են եկել մեքենայից, որից հետո դիմակավորված անձինք բացել են մեքենայի դուռը, որտեղ եղել է ձեռնաշղթայված Վարդանյանը, դուրս են հանել նրան ավտոմեքենայից ու բռնության ենթարկել՝ նվաստացնելով արժանապատվությունը։

Պաշտպան Վարազդատ Հարությունյանը մանրամասնել է՝ դիմակավորված անձինք առանձնակի դաժանությամբ են վարվել ձեռնաշղթայված քաղաքացու հետ․նրան ստիպել են ծնկել, գլուխը հարվածել են գետնին, սկսել են ձեռքերով հարվածներ տեղալ, թքել են քաղաքացու վրա, հայհոյել, ստիպել են, որ ինքն իր հասցեին կրկնի հայհոյանքները, ինչը քաղաքացին չի կատարել, իջեցրել են տաբատը, մահակը պահել ոտքերի արանքում՝ վախեցնելու, ահաբեկելու համար, արժանապատվությունը նվաստացնող այս գործողություններից հետո բերել, թողել են մեքենայի մոտ ու հեռացել։

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սամվել Վարդանյանի հանդեպ կտտանքները մեկ բան են ցույց տալիս, ռեժիմի անձնակազմը վախենում են հանրությունից: Եթե նման դեպք է տեղի ունենում այն ժամանակ, երբ պետական մեքենան իրենց անվտանգությունն է ապահովում, ապա ինչեր են կարող կատարվել, երբ կորցնեն իշխանությունը, իսկ ամենամեծ վախն անհայտությունն է ծնում:
Այս ծեծը վախի դրսևորում է, ինչն ավելի է բարդացնում վիճակը: Երբ հաշվեհարդար են տեսնում ձերբակալվածի հետ, ով արդեն ոստիկանների վերահսկողության տակ է, անհայտ դիմակավորված անձանց կողմից, ապա վաղը, իշխանության փոփոխությունից հետո, իրենց հետ նույնպես կարող է հաշվեհարդար տեսնի տարերային, կամ կազմակերպված ամբոխը:
Դա վատ նախադեպ է, հատկապես ՔՊ-ականների համար: Առաջինն իրենց է ձեռնտու բոլոր հարցերը լուծել օրենքի շրջանակում, գուցե դա նախադեպ դառնա արդեն իրենց համար՝ ապագայում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին