▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու եւս դավաճան ես». Մոսկվայի հայերը՝ Արմեն Սարգսյանին

Արմեն Սարգսյանը մասնավոր այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

news.am է գրում և նշում, որ փորձել են իրենց աղբյուրներից ճշտել, թե ինչպես է անցել հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մոսկվա քաղաքում կայքի աղբյուրը հայտնել է, որ ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ տեղի է ունեցել Մոսկվայի հայկական եկեղեցու շրջակայքում։ Նախ, բոլոր հայտնի խոշոր հայազգի գործարարները և ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել, հանդիպել նախագահի հետ, հանդիպմանը եկել է առավելագույնը 20-30 հոգի: Ներս մտնելիս դրսում կանգնած հայերը գոռացել են «Դավաճան», ըստ էության հանդիպումը չսկսած ձևավորվել է լարված մթնոլորտ։

Նախագահը փորձել է հանդարտության, միասնականության կոչերով իրավիճակը շտկել, բայց միևնույն է անգամ ներսի նստածները բղավել են՝ «դու ևս դավաճան ես»: Հարցել է՝ «ե՞ս ինչու եմ դավաճան», պատասխան է հնչել, «դու Նիկոլի հետ ես», «որ նախագահին դատում էին (նկատի ունեն Ռոբերտ Քոչարյանին․ խմբ․), դու մի հատ ծպտուն չհանեցիր, դրա համար էլ էս օրին հասանք»։ Աղբյուրը պատմում է, որ այլ ներկայացուցիչների հետ մասնավոր հանդիպումներն ևս բավականին լարված են անցել, նախագահը մշտապես խիստ քննադատության է արժանացել տեղի մտավորական դեմքերի կողմից, որոնք ասել են, թե մենք մեր հայրենիքն ենք պահանջում, Ձեզանից ու Նիկոլից։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են.

Հանրապետության նախագահն, ինչպես արդեն տեղեկացվել է, Մոսկվա է մեկնել մասնավոր այցով։ Ի սկզբանե նախատեսված չի եղել որևէ պաշտոնական հանդիպում, հետևաբար և՝ որևէ նման հանդիպման շուրջ որևէ պայմանավորվածություն չէր կարող քննարկվել։ 

«Շարունակելով Սփյուռքի հայկական համայնքների հետ հանդիպումները՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցած հանդիպմանը հրավիրվել են սահմանափակ թվով մարդիկ։ Բոլոր հրավիրյալները՝ շուրջ երեք տասնյակ մարդ, մասնակցել են հանդիպմանը։ Հանդիպման մասնակիցները ցանկացել են անմիջապես Հայաստանի նախագահից տեղեկանալ Արցախի շուրջ վերջին զարգացումների և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին։ Բաց և անմիջական զրույցի ընթացքում, որը տևել է երեք ժամ, տեղի է ունեցել մտքերի անկեղծ փոխանակություն, նախագահին ուղղվել են տարաբնույթ հարցեր, որոնց նախագահ Սարգսյանը հանգամանալից պատասխաններ է տվել։ Հանրապետության նախագահի հանդիպման մասին կտրվի ամբողջական պաշտոնական տեղեկատվություն։

Որոշ լրատվամիջոցներ Հայաստանի նախագահի՝ եկեղեցի այցի և հանդիպման մասին տարածել են մտացածին, իրականության հետ բացարձակապես կապ չունեցող ստահոդ տեղեկություններ։ Հորդորում ենք այս դժվարին և զգայուն ժամանակներում զերծ մնալ սուտ և հնարովի տեղեկատվություն տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին