▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք ձեր արժանի տեղը կգտնեք պատմագիտության մեջ՝ որպես խավարամիտ ու պալատական պատմաբան»․ Միքայել Բադալյան

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերությամբ դիտեցի Հայոց պատմության 7-րդ դասագրքի վերաբերյալ «Նոր առասպելներ՝ նոր դասագրքերի մասին» խորագրով հաղորդում-վերլուծությունը և որպես գիտնական, որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի իմ պարտքն եմ համարում անել մի քանի դիտարկումներ՝ անկախ նրանից ում դուրը դա կգա, թե ոչ.
ա. Արդեն երրորդ անգամ դասագրքի հեղինակը հրավիրվում է Հանրային հեռուստաընկերություն, մինչդեռ անաչառ լրագրությունը ենթադրում է, որ այդ թեմայով պետք է լսել նաև այլ մասնագետների կարծիքներ: Հակառակ դեպքում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ արվում է, որպեսզի արդարացվի դասագրքի հեղինակին, դասագիքրն ու այնտեղ արծարծված ուղղությունները: Ըստ ինձ՝ հաղորդման վերնագիրն ունի շեղող և մանիպուլացնող բնույթ:
բ. Դասագրքի վերաբերյալ բոլոր քննադատությունները կարծես թե ներկայացվում են որպես քաղաքական արշավ: Մինդեռ, արդեն իսկ մի քանի գիտնականներ առանց որևէ քաղաքական ենթատեքստի դասագրքի վերաբերյալ արել են բավական կարևոր և արժեքավոր դիտողություններ:
գ. Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեզ ուզում են բաժանել խավարամիտների և լուսավորյալների: Իբր այս դասագիրքը մի նոր լույս է, որը մերժվում է «խավարամիտ» գաղափարախոսների կողմից: Դեռ հարց է, թե ով է առաջադեմ և ով՝ հետադեմ:
դ. Շատ կարևոր է, որ դասագրքի քննարկումը մեր իրականություն բերեց մինչ այդ գոյություն չունեցող նոր մշակույթ: Կարծում եմ այս ամենը նպաստելու է հետագայում ավելի որակյալ դասագրքեր ունենալուն:
ե. Միակողմանի քննադատությունները, մեկնությունները չեն կարող արդյունավետ լինել: Պետք է ասել ճշմարտությունը: Այս դասագիրքը գրվել է խիստ փնթի ձևով: Դասագրքի առնվազն նախապատմական և հնագույն շրջաններին վերաբերող հատվածներում գրեթե չկա մեկ էջ, որտեղ չլինեն սխալներ, վրիպակներ, անհարկի մեկնություններ: Իմ գործընկերները նաև բազմաթիվ թերություններ են արձանագրել դասագրքի մյուս գլուխներում։ Դասագրքի պատվիրատուն և հեղինակը կարող են ունենալ համարձակություն և տարբեր գիտական հաստատություններից հրավիրել ոլորտների տարբեր մասնագետների և լսել նրանց կարծիքը:
զ. Դասագրքի հեղինակը նշում է, թե իբր զավեշտ է, որ մեկնաբանում են թե դասագրքի քարտեզի այս կամ այն վայրի մատնանշումը թեական է: Այո, Սմբատ, զավեշտն այն է, որ Դուք նման արտահայտություն եք անում, որ Դուք անընդհատ փորձում եք արդարանալ: Սմբատ, քանի որ Ձեր հեղինակած դասագրքում բազմաթիվ են այս կամ այն վարկածի վրա հիմնված մեկնաբանությունները, ես հարկ եմ համարում առաջ քաշել մի վարկած. կգա ժամանակը և Դուք Ձեր արժանի տեղը կգտնեք պատմագիտության մեջ՝ որպես խավարամիտ ու պալատական պատմաբան: Զավեշտներից մեկն այն է, որ այդ դասագրքի խմբագիրը կարծես թե Ձեր կինն է: Այդ դասագիրքը գրվել է նաև մեր հարկերի շնորհիվ: Ինձ համար ակնհայտ է, որ այս դասագրքի որոշ հարցադրումներ ունեն հստակ միտում, որը փորձ է արվում շեղել և քողարկել:
է. Պետք չէ միայն ուշադրությունը սևեռել դասագրքի հեղինակի վրա: Այս դասագրքի հրատարակիչը Մասնակցային դպրոցն է: Պետք է հասկանալ՝ ովքեր են ղեկավարում այդ Մասնակցային դպրոցը, ինչ ծրագրեր են իրականացնում:
ը. Գիտնականը պետք է լինի անաչառ և օբյեկտիվ՝ անկախ ժամանակներից: Ինձ համար զավեշտ է նաև, երբ տարբեր գործընկերներ ինձ հանդիպելիս ասում են, էտ ինչ լավ էիր գրել դասագրքի վերաբերյալ, բայց իրենք լռում են: Այո, երևի իմ կեցվածքը դուր չի գա շատերին: Դուր չի գա, որ ես ու իմ նմանները հանդգնել ենք քննադատել այս դասագիրքը: Իդեպ, և դասագրքի հեղինակը և նաև այս հաղորդման մեջ, խոսվում է Օրուելի «1984»-ի մասին: Օրուելն ունի ևս մեկ հանճարեղ ստեղծագործություն, որը կոչվում է «Անասնաֆերմա»:
Չարենցի «Երկիր Նաիրին», Օրուելի «Անասնաֆերման» ու Մկրտիչ Արմենի «Երևանը» վերջին ժամանակներին ուզում եմ նորից ու նորից կարդալ…»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ նույն թեմայով գրում է․ 

«Երեկ Հ1-ի եթերում այս երեքով նստած ծաղրում ու ծիծաղում էին Մեծ Հայքի թագավորության ու Տիգրան Մեծի տերության տարածքի ու սահմանների վրա...

Նորմալ է, քանի որ կեղծիքներով և մանիպուլյացիաներով լի Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի հեղինակ Սմբատը տղամարդլամիշ էր լինում պատմությունից շատ հեռու գտնվող երկուսի հետ՝ Տիգրանի, ով ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության բաժինը և Պետրոսի, ով ավարտել է ԵՊՀ թուրքագիտության բաժինը... Սմբատի համար շատ հեշտ է "բանավիճել" պատմության հետ կապ չունեցողների հետ, որը շատ զզվելի ու զավեշտակի էր դիտվում...

Լավ կլիներ հաղորդավար Պեոտրոսը որպես բանավիճող հրավիրեր Սմբատի դասագիրքը քննադատողներից մեկ-երկու պատմաբանների ու մենք իրոք տեսնեինք իրական բանավեճ, այլ ոչ թե "Կոկա-Կոլան Ադրբեջանից հին է" Տիգրանի հրապարակ նետված ու ցածրակարգ մակարդակի ինչ-որ խոսակցություններ...

Ի դեպ, ռուսաց լեզվի մասնագետ Տիգրանին խորհուրդ կտամ թուրքերեն լեզի մասնագետ Պետրոսի հետ միասին ատոմային ֆիզիկային կամ էլ գինեկոլոգիային նվիրված բանավեճեր և քննարկումներ կազմակերպել ու դարակազմիկ մտքեր արտահայտել...

Ի դեպ, այս երեքին կառաջարկեմ լավ ուսումնասիրել Ադրբեջանի պատմագիտական դպրոցի հեղինակների մտքերը ու նոր ծիծաղել և ծաղրել մեր քարտեզները...»։

Թարմացված․ Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «7-րդ դասարանի պատմության դասագրքի կապակցությամբ իմ որոշ դիտարկումներ Պետրոս Ղազարյանը եթերում անվանեց «հիմարություններ»։ Հիմա հարց․ Պետրոս Ղազարյանը պատրա՞ստ է արդյոք ուղիղ եթերում, իմ ներկայությամբ պատասխան տալ իր խոսքերի համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին