Ազգային ժողովի խորհրդի այսօր՝ 16:00-ին կայանալիք նիստում որոշում կկայացվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած օրենքի նախագիծը քննարկելու նպատակով արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում` հարցին՝ արդյոք նախագիծը պե՞տք է քննարկվի Վենետիկի հանձնաժողովի հետ՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանել է . «ՀՀ իշխանությունը հաշվետու է եւ մի ընտանիքի անդամ է կազմում ՀՀ ժողովրդին՝ այն մարդկանց, որոնք մեզ քվեարկել են, եթե ՀՀ իշխանությունը նպատակահարմար կգտնի, եթե իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ որեւէ մեկ այլ մարմնի խորհրդակցական կարծիք հարցնել, մենք դա կանենք, մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու են ՀՀ ժողովրդի առաջ»։
Հարցին՝ չե՞ք նկատում, որ հասարակության շրջանում իշխող կուսակցության վարկանիշն այնքան էլ բարձր չէ, Սիմոնյանը պատասխանել է. «Չեմ ընդունում, հասարակության շրջանակում միշտ կան, եղել են ու միշտ կլինեն մարդիկ, որոնք այլ կարծիք ունեն, միշտ կլինեն մարդիկ, որոնք «Իմ քայլին» չեն ընտրել, միշտ կլինեն մարդիկ, որոնք կընտրեն հակառակ կուսակցության։ Խորհուրդ եմ տալիս՝ դուրս եկեք Ֆեյսբուքից, դուրս եկեք այն մարդկանց շրջանակից, որոնք վճարվում են ՀՀ բարձրագույն իշխանությանը վիրավորելու, ինչ որ ձեւով վարկաբեկելու համար, դուրս եկեք եւ տեսեք՝ ՀՀ ժողովրդին ով է գազազացնում։ ՀՀ ժողովրդին ջղայնացնում է այն ամենը, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող կուսակցության նկատմամբ։ Ատելության մթնոլորտ կա նրանց մեջ, ում որեւէ մեկը չի սիրում, որը նույնիսկ իր տանը, իր շրջապատում ատելի է։ ՀՀ իշխանությունը՝ ես եւ իմ ընկերները, որեւէ մեկին չենք ատում։ Մենք ուժեղ ենք, մենք հաղթող ենք, մեր հետ մեր ժողովուրդն է, մենք սիրում ենք մեր ժողովրդին, մենք սիրում ենք մեր աշխատանքը եւ որեւէ մեկին ատելու նպատակ չունենք։ Դա սերմանում են իրենք մի պարզ պատճառով, որպեսզի մեզանից սարքեն այն հրեշը, որն իրենք կան»։
Մանրամասն՝ տեսանյութում:
Դիտեք նաև՝