▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդգար Ղազարյանը հրաժարվեց ՔՊ-ի պահանջով ներողություն խնդրել

Էդգար Ղազարյանը հրաժարվեց ՔՊ-ի պահանջով ներողություն խնդրել

ԱԺ նիստի մեկնարկին Ռուբեն Ռուբինյանը, դիմելով Էդգար Ղազարյանին, հարցրեց՝ ասելիք ունի՞: «ԱԺ կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում»,- արձագանքեց պատգամավորը: «Ոչ»,- նշեց Նարեկ Կարապետյանը՝ ի պատասխան ԱԺ նախագահի նույն հարցի: «Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում ՔՊ-ական պատգամավորներին մեղադրել էր պատերազմի և զոհերի հաշվին իշխանություն պահելու ու բարեկեցության հասնելու մեջ՝ նշելով, որ «զինվորների կյանքը փորձում են սրիկայաբար շահագործել», ինչից հետո իրավիճակը լարվել էր դահլիճում։ Ռուբինյանն ասել էր՝ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի:

Հավելենք, որ Էդգար Ղազարյանը միջադեպից հետո տեղը փոխել է ԱԺ դահլիճում՝ նստելով վերջին շարքում
Նախորդ տեղում Ղազարյանի կողքին անմիջապես ՔՊ-ի թևն էր, իսկ նոր տեղում նա բավականին հեռու է ՔՊ-ից ու առավել մոտ է մյուս ընդդիմադիր խմբակցությանը՝ «Հայաստան» դաշինքին։

***

«Նեղացա՞ծ եք խմբակցությունից, որ ձեզ չեն պաշտպանում»,- դիմելով ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ հարցրին լրագրողները։ «Չէ, ինչի՞ համար, բայց ո՞նց չեն պաշտպանել»,- զարմացավ Ղազարյանը։

Ավելի վաղ խոսելով Էդգար Ղազարյանի մասին՝ «սրիկա» բառն էին օգտագործել Ռուբեն Ռուբինյանն ու Տարոն Չախոյանը:

***

«Էդգար Ղազարյանի երեկվա ելույթից հետո իշխանությունը շատ կոշտ արձագանքեց, րոպեներ առաջ էլ Տարոն Չախոյանը «սրիկա» անվանեց և ոչ մի արձագանք։ Միայն Էդգար Ղազարյանի վրա՞ են պրոյեկտվում բարեկրթության սահմանները»,- լրագրողները դիմեցին ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ «Ելույթները դեռ առջևում են, այսօր հետաքրքիր է լինելու»,- պատասխանեց Կարապետյանը։

***

«Քննարկվե՞լ է ձեր մանդատ վայր դնելու հարցը»,- լրագրողները հետաքրքրվեցին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանից։ «Նման հարց չի քննարկվել»,- պատասխանեց նա։
«Ես մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ և ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։ Դիտարկմանը, թե հնարավո՞ր է ինքն իր մեջ քննարկել է անկախ պատգամավոր դառնալու հարց, Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Ինչի՞ համար, ես «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր եմ և շարունակելու եմ իմ գործունեությունը»։ Իսկ ԱԺ դահլիճում իր տեղը փոխելու հարցի հետ կապված նշեց․ «Դա տեխնիկական, կազմակերպական հարց է, որը վաղուց էր քննարկվում»։

***

«Դուք՝ որպես խմբակցության ղեկավար, Էդգար Ղազարյանի հետ կապված թեմային անդրադառնալո՞ւ եք»,- լրագրողը դիմեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ «Կորոշենք, կներկայացնենք, ընդամենը մի ժամից իմ ելույթն է, դուք կլսեք։ Առաջնայինը, ինչի համար այսօր այստեղ եկել ենք, մեր երկրի համար կարևոր ապրուստի հարցի քննարկումն է»,- պատասխանեց Կարապետյանը:

Հասարակություն ավելին