Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, ով Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել էր «Հայրենիքի շքանշան»-ով, պետք է զրկվի այդ կոչումից:
Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Լրագրողը նկատեց, որ իշխանությունում մեջ եղել է «Ազգային հերոս»-ի կոչում ստացած անձ, որը հիմա բանտում է՝ հստակեցնելով, որ խոսքը ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի մասին է, ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե եկել է նրան «Ազգային հերոս»-ի կոչումից զրկելու ժամանակը:
«Կարծում եմ` եկել է ժամանակը վերանայելու «Ազգային հերոս» տալու ինստիտուտը։ Պետք է հասկանալ` արդյոք այն մարդիկ, որոնց նկատմամբ հետագայում դատավճիռ կկայացվի, պետք է շարունակեն մնալ... Կարծում եմ, որ եթե օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լինի, ապա այդ մարդիկ չպետք է մնան Ազգային հերոս»,– ասաց Սիմոնյանը։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում արձանագրվել են ենթադրյալ հանցագործությունների կատարման բազմաթիվ դեպքեր, որոնցում ներգրավված են եղել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաև ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: 2022 թվականի մարտից Փիլոյանը գտնվում է կալանքի տակ։
Անդրանիկ Փիլոյան 2022 թվականին արժանացել էր Հայաստանի Ազգային հերոսի կոչման։