▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ ո՞ր կաթողիկոսն է իր նստավայրը կառուցելու համար, թեկուզ ժամանակավորապես, եկեղեցի փակել…

Փակ եկեղեցու, Եհովայի վկայի ու “սովորական” հոգեորսության մի պատմություն


Առավոտյան ժամը 9-ն էր: Քայլում էի Աբովյան փողոցով: Ուզում էի մոմ վառել եկեղեցում: Մոտեցա շինհրապարակը (երևի գիտեք, որ այստեղ Կաթողիկոսի նստավայր են կառուցում) պարուրող ցանկապատին ու փորձում էի գտնել նեղ միջանցքը, որ տանում էր դեպի գործող եկեղեցու մուտքը: Միջանցքն անհետացել էր:

Հավանաբար, շինարարները որոշել էին, որ այդ միջանցքն այլևս խանգարում է ընթացող շինարարությանն ու փակել էին եկեղեցու մուտքը:

Նկատեցի ինձ նման ”մոլորված” մի երիտասարդ կնոջ, որ զուր ջանքեր էր գործադրում եկեղեցու մուտքը գտնելու համար: Մի գնդլիկ տիկին էլ, նախկին մուտքի տեղում կանգնած, քմծիծաղով հետևում էր մեր “փնտրտուքին”:

Երևի ելնելով այն հանգամանքից, որ երիտասարդ կինն իրեն ավելի մոտ էր, քան ես, գնդլիկ տիկինն աչքերով որսաց նրա հայացքն ու դիմեց նրան. “Աղջիկ ջան, մի փնտրի, չես գտնի: Եկեղեցին փակել են”: Տեսնելով երիտասարդ կնոջ զարմացած հայացքը, գնդլիկ տիկինը, թերևս հասկանալով, որ խայծն արդեն կուլ են տվել, ավելի վստահ շարունակեց. “Էհ, այ բալամ, եկեղեցի չկա, Աստծո հավատքը եկեղեցում փնտրել պետք չի”:

Նրա հետագա խոսքերից պարզեցի, որ գնդլիկ տիկինը Եհովայի վկա էր: Երիտասարդ կինն էլ, թերևս, իր դարդին դարման էր փնտրում եկեղեցում, բայց եկեղեցին փակ էր: Մոտերքում էլ ուրիշ եկեղեցի չկար: Իր դարդին դարման փնտրող կնոջն էլ անհրաժեշտ էր ինչ-որ կերպ “հոգին դուրս թափել”… Ու, ինչպես կասեր առակագիրը, “հոպ, կուլ տվեց նա որթը, կարթը մնաց կոկորդը”:

Եհովայի վկան էլ շատ ճարպիկ գտնվեց ու որսը ձեռքից բաց չթողեց: Նա կնոջը մի կողմ տարավ ու… Եհովայի վկաների թիվը Հայաստանում ավելացավ ևս մեկով: Ինչո՞ւ: Դե, որովհետև եկեղեցին փակ էր: Որովհետև շինարարությունն իրականացնող “ուչաստկի պետին” այդպես ավելի հարմար էր ու նա փակել էր եկեղեցու մուտքը:

Հարց է ծագում՝ իսկ ո՞ւր էր եկեղեցու հոգևոր սպասավորը, ո՞ւր էր թեմի առաջնորդը: Երևի “Բենտլին” էր տարել “խադավիկի” մոտ… Դե, հարցնողն ո՞վ է: Վեհափառի նման “կռիշ” ունեն…

Տեսնես, մեր պատմության մեջ էլ ո՞ր կաթողիկոսն է իր նստավայրը կառուցելու համար, թեկուզ ժամանակավորապես, եկեղեցի փակել…

 

 Մագիստրոս

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին