▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրությունների ժամանակ Հայաստանում համատարած հիվանդություններ են սկսվում

Նոյեմբերի 5-ին համայնքի ղեկավարի հերթական ընտրություններն անցկացվեցին թվով 49 համայնքներում, իսկ երեքում կայացավ արտահերթ ընտրություն: 52 համայնքից 38-ում հաղթել են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, 2-ական համայնքներում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, իսկ 10-ում՝ անկուսակցականներ: Ընտրված 10 անկուսակցական համայնքապետերից 1-ն առաջադրված էր ՀՀԿ-ի, 1-ը՝ ԲՀԿ-ի կողմից:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ ժողովուրդը չի գիտակցում այն, որ որքան հզոր լինի տեղական ինքնակառավարումը, այնքան հզոր է լինելու երկիրը:

«Ես շատ կարճ ժամանակ մարզպետ եմ եղել, բայց չէի կարողանում հասնել նրան, որ յուրաքանչյուր գյուղապետարան ներկայացներ այն, թե ինչպե՞ս է ձևավորվում գյուղի բյուջեն.ով ինչքա՞ն հարկ է վճարում, ո՞վ է  խուսափում և այլն: Սա մարդկանց չի հետաքրքրում, մենք էլ չենք նպաստում դրա առաջացմանը: Ցանկացած գյուղացու որ հարցնեք, թե իրենց գյուղն ի՞նչ միջոցներ ունի՝ չեն պատասխանելու, որովհետև չգիտեն: Մարդիկ պետք է հասկանան, որ ինքնակառավարում նշանակում է պատասխանատու լինել տարածքի համար: Իսկ հիմա այսպես է՝ ո՞ւմ լիազորենք, որ մեր հարցերը լուծի: Այս ժամանակ է, որ գլուխ է բարձրացնում կրիմինալը: Մենք ամեն անգամ կարող ենք վերլուծել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղը, այն թե ո՞վ, ինչպե՞ս խաղաց՝ չվերլուծելով ֆուտբոլի վիճակը: ՏԻՄ ընտրությունները արտացոլում են այն, ինչին ձգտում է իշխանությունը, որը չի համընկնում հասարակական շահին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիգեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պետական նոր համակարգը ենթադրում է նոր ինստիտուտներ, ընտրությունների կազմակերպման համակարգը հղկվում է: 

«Ասենք՝ մարդը լավ չի տեսնում, ապա նրան օգնում են, որ քվեարկի, սակայն դա վերածվում է կեղծիքի ու ընտրությունների ժամանակ Հայաստանում համատարած հիվանդություններ են սկսվում: Մարդիկ չեն տեսնում, չեն լսում»:

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, թե հաջողության է հասնում այն կուսակցությունը, որի ներկայացուցիչները շփվում են ժողովրդի հետ:

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ էլ՝ կրկնվեց այն, ինչ եղել է վերջին 20 տարում.

«ՏԻՄ ընտրությունների ժամանակ համայանքների միջև պայքար է գնում ու դա կարելի է «միջցեղային պայքար» անվանել»,-նկատեց քաղտեխնոլոգը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին