▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ Բաբուխանյանը հայտարարում է, թե Շանթի թիկունքում արևմտյան գրանտներ են, նույնիսկ զավեշտալի չէ

Շատ բան էր սպասելի մեր իշխանություններից, բայց որ դրա ներկայացուցիչ ոմն Հայկ Բաբուխանյան հայտարարի, թե Շանթի թիկունքում արևմտյան գրանտներ են... Նույնիսկ արդեն զավեշտալի չի: Արևմտյան գրանտակերներ են ՀՀ մշակութային արժեքների համար պայքարողները, տրանսպորտի գների բարձրացման դեմ պայքարողները, խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների համար արդար դատավորություն պահանջողները, հանքահանության հետևանքով թունավորվող միջավայրի և մարդկանց ճակատագրով մտահոգները...Այսպիսով պետք է խոնարհվենք արևմտյան գրանտակերների առաջ: Բայց ու՞ր էր, որ նրանք գրանտներ ստանային: Հիշում եմ, դեռևս վեց տարի առաջ  «գրանտակերների» շարքում թվարկում էին այն բոլոր երիտասարդներին, ում գլուխը ֆիզիկապես ջարդել էին մարտի մեկի դեպքերից հետո: Մեր իշխանությունների ներկայացուցիչներին մնում է հայտարարել, որ ղարաբաղյան պատերազմին մասնակից ազատամարտիկները նույնպես արևմտյան  «գրանտակերներ» են... Ընդ որում նրանք գրանտներ ստացել են հենց պատերազմին մասնակցելու համար: Այս մարդկանց կարծիքով, հավանաբար, արևմտյան գրանտներ տրամադրողները ընտրում են մեր երկրի ճակատագրով հիրավի մտահոգներին և օգնում են նրանց՝ Հայաստան երկիրը պահելու: Այս տրամաբանությամբ շատ լավ կլիներ, եթե մեր երկրի բյուջեն բաշխվեր   «արևմտյան գրանտատուների» կողմից: Բայց քանի դեռ հայկ բաբուխանյանները ՀՀ պետական բյուջեյի գրանտակերներ են /մեծ հաշվով՝ ողջ ԱԺ-ն/, և նրանց լավ հայտնի է  «բյուջետային գրանտակերության»  պրակտիկան, հավանաբար առաջնորդվում են իրենց փորձով:  «Գրանտակերության» մեղադրանքի այս արատավոր պրակտիկան վաղուց պետք էր վերացնել: Քանի որ ՀՀ կառավարությունը թիվ մեկ   «գրանտակերն» է, այսինքն՝ իրական գրանտակերն է, թերևս արժի կառավարության ճակատին գրել՝ «Պետական առևտրային կազմակերպություն: Գոյատևում է զանազան կառույցների՝ ՀԲ, ՄԱՀ, ամերիկյան և եվրոպական, այլ երկրների ու միջազգային բանկերի ֆինանսական օժանդակությամբ, գրանտների և նվիրատվությունների, ինչպես նաև ազգային հարստությունը՝ շենքերը, երկրի ընդերքը, վերգետնյա ռեսուրսները ծախելու հաշվին»:

Հրանուշ Խառատյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին