▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չեմ խոսել սրա մասին. Էնջլ Մարտիրոսյանը՝ նոր, համարձակ ֆոտոշարքի, ամերիկյան կյանքի և դժվարությունների մասին

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դերասանուհի, երգչուհի Էնջլ Մարտիրոսյանը վերջերս ներկայացել է  որպես ռեժիսոր, ինչպես նաև նոր, բավական համարձակ ֆոտոշարքով է հանդես եկել, որի լուսանկարներն առաջինը տրամադրել է Asekose.am-ին: Մենք զրուցել ենք դերասանուհու հետ՝ վերջին ֆոտոշարքի մասին և ոչ միայն:

Ամերիկյան կյանքի և դրա հետ հարմարվելու մասին 

ԱՄՆ-ում  եմ արդեն գրեթե 5 տարի, այս ընթացքում Հայաստանում չեմ եղել: Իսկապես հարմարվել եմ ամերիկյան կյանքի հետ, չեմ էլ հիշում, թե ինչպես էր, երբ ես Հայաստանում էի ապրում, նույնիսկ չեմ էլ պատկերացնում: Ապրելու նպատակով չեմ գա Հայաստան, բայց  կփորձեմ հնարավորինս շատ այցելել հայրենիք, ինչը  նախատեսում եմ 2018 թվ-ին: Չգիտեմ, թե որքան կմնամ Հայաստանում, կարոտի քանակից պարզ կլինի:

Գուցե տարօրինակ է, բայց չեմ կարոտում 

Եթե անկեղծ լինեմ՝ կարոտ չեմ զգում, գուցե տարօրինակ բան եմ ասում, բայց, երևի, դա ինքնապաշտպանական մեխանիզմ է: Կարծես այդ զգայարանն անջատված է մինչ այն օրը, երբ կվերադառնամ Հայաստան: Կարծում եմ, որ հենց այդ ժամանակ էլ կզգամ այն ամենը, ինչ չեմ զգացել մինչ այդ: Ինչ վերաբերում է  ընտանիքիս, ապա  կարոտելու խնդիր չկա, որովհետև ներկայիս ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ամեն օր հնարավորինս շատ շփվել նրանց հետ:

Մի բան, որի մասին երբեք չեմ խոսել 

Երբեք չեմ խոսել այս մասին, սակայն դեռ մանկուց լինելով պապիկիս, ապա մորս նկարահանման հրապարակներում՝ ուզում էի դառնալ ռեժիսոր, այլ  մասնագիտական մտադրություններ նույնիսկ չունեի:  Երբ արդեն պետք է ընտրություն կայացնեի, ինձ գրեթե համոզեցին, որ ես ավելի օգտակար կլինեմ կադրի ներսում, քան կադրից դուրս. ի վերջո՝ ընդունվեցի դերասանական բաժին: Վերջերս հանդես եմ եկել նաև որպես ռեժիսոր: Փաստորեն, կյանքը բերում է քեզ այնտեղ, որտեղ պետք է լինեիր: Ինչ վերաբերում է գնահատականներին, ապա իմ ընտանիքը միշտ իմ առաջին քննադատն է, սակայն այս դեպքում գնահատականը եղել է շատ բարձր, ողջունել են աշխատանքս: Շատ մեծ փորձ որպես ռեժիսոր չունեմ, բայց դատելով արձագանքից՝ «Վտանգավոր խաղեր» նախագիծը, որի վերջին 150 սերիայի ռեժիսորը ես էի, ստացվել է: Հիմա էլ  նոր նախագծի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, սակայն այդ մասին դեռ չեմ կարող խոսել:

Ժամանակը եկել է 

Որպես երգչուհի՝ բավական մեծ դադար ունեցա, որի ընթացքում եկա և հաստատվեցի ԱՄՆ-ում: Հիմա մտածում եմ նոր մի բան անելու մասին, կարծում եմ՝ ժամանակը եկել է: Կան մի քանի երգահաններ, ովքեր գրում են երգեր,  որոնցից էլ կընտրվի մեկը: Այդ ամենով, սակայն, արդեն կզբաղվեմ որպես հոբբի: Եթե մինչ այդ ինձ համարում էի երգչուհի, ապա նոր դերասանուհի, հիմա այդպես չէ, ես եկա արմատներիս, որը ֆիլմն է:

 

Նոր ֆոտոշարքի և քննադատությունների մասին

Այս ֆոտոշարքի համար որպես լուսանկարչ հանդես է եկել Սեդ Ս  Photography-ին, որի աշխատանքները միշտ  հավանել եմ և ցանկացել եմ իր հետ աշխատել: Վերջերս կապվեցինք միմյանց հետ և հասկացանք, որ պետք է աշխատենք: Առաջինն է, սակայն արդեն երկրորդն ենք նախատեսում, շատ լավ զգում ենք միմյանց, կարծում եմ, որ հետաքրքիր լուսանկարներ են ստացվել: Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա կան մարդիկ, ովքեր ամեն ինչն են քննադատում, որովհետև դա իրենց տեսակն է: Չեմ վախենում քննադատություններից, որովհետև շատ վաղուց եմ այս ամենի մեջ և անցել եմ շատ բաների միջով՝ ինչպես լավ, այնպես էլ վատ, գնահատվել  և քննադատվել եմ, սակայն գնահատողները միշտ ավելի շատ են եղել ու կան, որոնց սերը և ջերմությունն ինձ ուժ են տալիս շարունակել իմ գործունեությունը որպես երգչուհի, դերասանուհի, ինչպես նաև արդեն ռեժիսոր: Ամեն բան անում եմ այն մարդկանց համար, ովքեր ինձ սիրում են: Կարծում եմ, որ քննադատվում են նոր ու համարձակ բաները, սակայն ժամանակի ընթացքում այդ ամենը ավելի հասանելի և ընդունելի կլինի, ինչպես ամբողջ աշխարհում է ընդունված: Կուզեմ նշել, որ այս ֆոտոշարքի իրականացման համար համագործակցել եմ Արմինա Allure դիմահարդարի հետ, իսկ վարսահարդարումը կատարվել է Alina’s Total Makeover-ի կողմից: Հագուստը Հայաստանից էր, Գայանե Մարտիրոսյանն էր հեղինակը:

 

Ես պատրաստ եմ ամեն ինչի 

Տվյալ ֆոտոշարքը ես համարձակ չեմ համարում, որովհետև ես արտիստ եմ, ով մի մարդ է, ով թե նկարահանման հրապարակում, թե բեմի վրա պետք է անի այն, ինչ հանձնարարվում է՝ կլինի դագաղում պառկել, ինչն արել եմ, երկար մազերը կադրում շատ կարճ կտրել, ինչն իմ դեպքում կրկին եղել է: Առհասարակ,  արտիստի կյանքում շատ տարբեր բաներ կարող են լինել՝ անապատում ոտաբոբիկ քայլել, ձմռանը սառը ջրի մեջ լողալ և այլն: Շատ բաներ կարող է անել դերասանը. տվյալ մասնագիտությունը բավական բարդ է և վտանգավոր, այդ թվում՝ բարդ ճանապարհով, որը ես ընտրել եմ և անցնում եմ, ինչը, ամեն դեպքում, բոլորի համար նախատեսված չէ:  Ինչ վերաբերում է տվյալ ֆոտոշարքին՝ ինքնադրսևորման և ուշադրություն գրավելու նպատակ չունեմ, հիմնական շեշտը դրված է որակի, ճաշակի և արվեստի վրա, որը, կարծում եմ, ստացվել է մեզ մոտ: Շատ երջանիկ և հպարտ եմ, որ արվեստագետների ընտանիքից եմ, ովքեր ընդունում են իմ մասնագիտությունը և դրան առնչվող բաները: Ինձ համար արտառոց որևէ բան չկա, երբ կադում կա բաց, բռնաբարության, ծննդաբերության, մահվան կամ այլ նմանատիպ  տեսարան, որովհետև այդ ամենը մտնում է իմ մասնագիտության մեջ:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

72157684214866392

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին