«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում Բուսաբանական այգուց տեսանյութ է հրապարակել, որում խոսում է այգու անմխիթար վիճակի մասին:
«Չգիտեմ՝ ինչից սկսեմ, չգիտեմ՝ ինչ ասեմ, որովհետև անկեղծ ապշած եմ: Ընկերոջս հետ այցելել ենք Բուսաբանական այգի: Ասեմ, որ այս օրերին բոլորս էլ խնդիր ունենք շոգի հետ կապված, խեղդվում ենք այս տապից, թողնում ենք Երևանը, փորձում ենք գնալ Ծաղկաձոր, Սևան: Միևնույն ժամանակ պետք է հասկանանք, թե ինչի է Երևանում այսքան շոգ: Չենք խոսում այն մասին, որ Երևանում ամեն տեղ ծառահատում է իրականացվում, և «գործարարներ» կանաչապատ տարածքները վերածում են սրճարանների և ասում են, որ բարեկարգում են: Երևանում ջերմաստիճանը գնալով բարձրանում է և գնալով բարձրանալու է, այսինքն՝ եթե մենք այսպես շարունակենք. Երևանում ուղղակի էլ ապրել չի լինելու, ու այն վերածվելու է անապատի: Որպեսզի յուրաքանչյուր քաղաք կարողանա նորմալ կլիմա ապահովել բնակչության համար, պետք է ունենա «թոքեր»: Այդ «թոքերը» Երևանի պարագայում Նորք Մարաշի փեշն է, Մոնումենտի փեշն է, և, իհարկե, Բուսաբանական այգին, որն իր գոյությամբ օդ է տալիս, հովացնում է և այլն:
Ես հիմա գտնվում եմ Բուսաբանական այգում և անկեղծ զարմացած ու ապշած եմ, որովհետև այնպիսի տպավորություն է, որ ես Discovery հեռուստաընկերության՝ անապատի մասին մի ծրագրի մեջ եմ գտնվում, որովհետև այն, ինչ տեսնում եմ այստեղ, ուղղակի աննկարագրելի է, տպավորություն է՝ այստեղով փոթորիկ է անցել, պատերազմ, և դրանից հետո որևիցե բան չի արվել: Այստեղ կա տնօրինություն, որն աշխատավարձ է ստանում, բայց երբ իրենց հետ խոսում են, ասում են՝ փող չկա: Ուզում եմ հասկանալ՝ իսկ ինչու փող կա աշխատավարձ վերցնելու, գործի գալու,ադմինիստրատիվ աշխատանքներ անելու, բայց չկա հնարավորություն այլ բանի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում