Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նկատեց, որ որոշման անհրաժեշտությունը բխում է քաղաքապետին օրենքով վերապահված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակից: Խոսելով վերահսկողության վարչությունում լրացուցիչ կադրեր ունենալու մասին, նա նշեց.

«Երեւանի ենթակայությամբ հանրակրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական ապահովության, առողջապահության եւ այլ ոլորտներում գործող 486 առեւտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների, 32 կառուցվածքային եւ 13 առանձնացված ստորաբաժանումներում (ընդամենը՝ 531), ինչպես նաեւ քաղաքաշինական ոլորտի վերաբերյալ ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրություններ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, ռիսկերի գնահատման գործառույթներ, ինչպես նաեւ` իրականացնել տեղատեսություն, լուսանկարման աշխատանքներ եւ այլն: Վարչությունն իրականացնում է Երեւան համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի կատարման, ինչպես նաեւ հատուկ եւ նպատակային հիմնադրամներից տրամադրվող միջոցների իսկության, նպատակայնության եւ արդյունավետության (ներառյալ գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն), Երեւանի բյուջեի եկամուտների հավաքագրման նկատմամբ վերահսկողություն: Հաշվի առնելով, որ գործող հաստիքացուցակով վերահսկողության վարչությունը համալրված է 8 աշխատակիցներով (որոնցից 5 մասնագետ), իսկ նման քանակով հնարավոր չէ ապահովել վերոհիշյալ աշխատանքների ծավալը, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով առաջարկվում է վարչությունը համալրել եւս 15 մասնագետներով»: Ինչ վերաբերում է անշարժ գույքի կառավարման վարչությունում հաստիքների ավելացմանը, քաղաքապետի տեղակալը դա հիմնավորեց հետեւյալով. «ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման համաձայն՝ Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին հասցեներ տրամադրելու լիազորությունը վերապահվել է Երեւանի քաղաքապետին: Մինչ 2018 թվականի ավարտը հասցեավորման գործընթացը իրականացվում էր մրցույթով, որի արդյունքում ծառայություններ էին ձեռք բերվում, եւ Երեւանի քաղաքապետարանը հանդես էր գալիս որպես պատվիրատու: Հասցեավորման գործընթացի կազմակերպումը նպատակահարմար չէ իրականացնել մրցույթի արդյունքում ծառայություններ ձեռք բերելու միջոցով, քանի որ այդ աշխատանքները հնարավոր է կազմակերպել առավել արդյունավետ՝ անշարժ գույքի կառավարման վարչության աշխատակիցների թվաքանակը համալրելու միջոցով: Հասցեի տրամադրման գործընթացը կանոնակարգելու եւ աշխատանքերն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում ստեղծել նոր՝ «Անշարժ գույքի համարակալման, հաշվառման և վերլուծության» բաժին՝ վարչությունը համալրելով թվով 10 աշխատակիցներով»: Որոշումն ընդունվեց 47 կողմ 3 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով: Ընդդիմադիր «Լույս» խմբակցությունը մինչ այդ հիշեցրեց «Իմ քայլը» խմբակցության հռչակած սկզբունքը՝ օպտիմալացնել քաղաքապետարանի հաստիքացուցակը: Բայց առայժմ, ըստ նրանց, տեղի է ունենում հակառակը: «Լույսը», սակայն, թե նախկինում, թե այս անգամ, դեմ չի եղել այդ համալրմանը: Բայց այսօր որոշել է դեմ քվեարկել: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նաեւ հորդորեց՝ որոշումների նախագծերում հիմնավորումները գրել հստակ ու ոչ թե մոտավորպես: Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ հաստիքների ավելացումը բյուջեում ծախսերի փոփոխության չի բերելու: Հայկ Սարգսյանը, պատասխանելով Խաժակյանին՝ ասաց՝ նկատի ունեն՝ ընդհանուր առմամբ: Նաեւ հավելեց, որ նոր ծախսերը փոխհատուցվելու են լուծարվող ՓԲԸ-ի հաշվին: Դեռ մի բան էլ խնայողություն է լինելու: 90 միլիոն դրամի չափով:
Ավագանու նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում


