▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 15 և 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մանրամասներ

 

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 15 եւ 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

2019թ. հուլիսի 25-ին՝ ժամը 22։00-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ «համակցված թորակոաբդոմինալ վնասվածք աջից, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած, արյունահոսող, կրծքավանդակի եւ որովայնի խոռոչ թափանցող վերք՝ ստոծանու աջ գմբեթի եւ լյարդի աջ բլթի վնասումով» իրենց մոտ բուժօգնության է դիմել պատանի՝ ծնված 2004թ., իսկ րոպեներ անց նույն ԲԿ է տեղափոխվել նաեւ 2003թ. ծնված մեկ այլ դպրոցահասակ տղա՝ «ձախ գոտկային շրջանի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ:

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Էրեբունի եւ Ազատամարտիկների փողոցների հատման վայրում անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ պատանիներն ստացել են վերոնշյալ վնասվածքները:

Նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ զննության է ենթարկվել բժշկական կենտրոնի կրիմինալ մատյանը, առգրավվել են բժշկական կենտրոն ընդունվելու պահին տուժողների հագին առկա հագուստները՝ վնասված հատվածներով եւ արյան հետքերով, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են տուժողները եւ մի շարք վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ:

Բուժօգնության դիմած անձանց ստացած մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը, վաղեմությունը եւ մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, ինչպես նաեւ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 2000 թվականին: Վերջինս հայտնաբերվել եւ ձերբակալվել է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու կասկածանքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, վիճաբանությանը հնարավոր մասնակցություն ունեցած անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին