Երևանում գողացել են վրացի ֆուտբոլասերների մեքենաների համարանիշները․ այս մասին տեղեկացրել է լրագրող Գոհար Հայրապետյանը՝ ներկայացնելով սոցիալական ցանցերում վրացի օգտատերերի գրառումներն այդ մասին։
Վրացի ֆուտբոլասերները, մասնավորապես, գրում են՝ «Թողել են տելեգրամյան ալիքի համար, պահանջում են գումար, դիմել ենք ոստիկանություն, բայց երևի չեն կարող օգնել․․․ այս ի՞նչ երկիր է, այս ի՞նչ քաղաք է , առաջին անգամ ենք նման բան տեսնում, որ գողանան համարանիշերն ու գումար պահանջեն»։
Գոհար Հայրապետյանը նաև նշում է, որ վրացիները, թերևս, չգիտեն, որ Հայաստանում դա տարածված երևույթ է, բայց սա պախարակելի երևույթ է, վնասում է երկրի իմիջին, հայ հասարակության նկարագրին և պատկան մարմինները պետք է սրա դեմն առնեն։
Լրագրողը նաև հարցնում է՝ պատկերացնում ե՞ք, եթե հայերը գան՝ Թբիլիսիում կամ Բաթումիում հանգստանալու ու նրանց համարանիշերը գողանան ու գումար պահանջեն․․․
***
Ներքին գործերի նախարարությունը հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբերյալ տարածված տեղեկությունները։ Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում մի խումբ օգտատերեր ահազանգել էին, որ Երևանի տարբեր հատվածներում գողացվել են Վրաստանից ժամանած ֆուտբոլասերների ավտոմեքենաների պետհամարանիշերը։ |