Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն անձամբ անվասայլակով փորձել է անցնել թեքահարթակներով:
Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է. «Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են.
Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երեւանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված եւ հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:
Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել:
Երեւանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով»: