▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաները մեր ապագան են, մուրացկան երեխաները՝ մեր ներկան…

Երեխաներ, ովքեր դեռ չափահաս չեն, բայց աշխատում են, երեխաներ, ովքեր փող չունեն և մուրում են, երեխաներ, ովքեր լավ ապագա են տենչում, բայց իրենց համարում են արդեն կործանված: Ապագա անհայտներին և ներկա մուրացկաններին ներկայացնում է ՀՈՎՅԱՆԸ:

Յուրաքանչյուր պետություն ապագան կապում է երեխաների հետ, իսկ Հայաստանում երեխաները շարունակում են անպաշտպան մնալ: Նրանց փխրուն հոգիներն անպաշտպան են ինչպես հիվանդությունների, այնպես էլ բախումների դեմ: Մուրացկան դառնալու բազմաթիվ «ճանապարհներ»-պատճառներ կան: Շատերը կապշեն, սակայն մուրացկան դառնալու ամենահաճախ հանդիպող պատճառը ծնողն է, հետո՝ պետությունն ու պետական կառույցները: Երեխաներին հոգեպես ճնշողն ու երեխաների իրավունքները ոտնահարողը հենց ծնողն է:

Մինչ երեխա ունենալը, նրանք աղոթում են, որ Աստված ծնող լինելու բերկրանքից չզրկի, երդվում, որ ամեն ինչ կանեն երեխաների անհոգ մանկությունն ապահովելու համար, իսկ երեխաներին լույս աշխարհ բերելուց հետո անում են հակառակը:

«Ծնող»-ը մասնագիտություն չէ, որը ձեռք կբերես որևէ կրթօջախ, համաշխարհային բուհի մասնագիտական որակավորում կամ դիպլոմ ստանալու դեպքում:

Հայ ընտանիքներում առավել տարածված է հոգեբանական բռնությունը: Ծնողը երբևէ չի խորշում տգեղ բառ օգտագործելուց: Հաճախ երեխաները թափառաշրջիկ են դառնում այն դեպքում, երբ ծնողը հարբեցող է լինում, թմրամոլ… Սոցիալական ծանր վիճակից և անելանելիության դեպքում ծեծում է երեխային, և, ի վերջո, ծնողի անհավասարակշռված արարքներից՝ երեխան դառնում է անօթևան:

Մուրացկան երեխաների մեծ մասը դպրոց չի հաճախում, անգամ ավելին, զրկվել են աշակերտի պարտականություններից: Այս դեպքն էլ բացառություն չէ և կրկին՝ ծնողի մեղքով: Այդպիսի ծնողների «արդարացված պատճառաբանումն» է սոցիալական ծանր վիճակը՝ գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկ չունենալը: Նրանց չի անհանգստացնում ինչպես՝ երեխաներին ուսումից, այնպես էլ՝ մանկական անկրկնելի թոթովանքներից զրկելը: Դրա փոխարեն՝ նրանք նախընտրում են երեխաների մուրացկանությունը: Այդպիսով՝ խեղճ արտաքինով պատանիները խղճահարություն կարթնացնեն անցորդների մոտ և փող կմուրան: Փողոցային շրջիկ առևտուրը, որտեղ ներգրավված են երեխաները, ևս հիմնված է մուրացկանության վրա: Մի՞թե մուրացկանություն չէ հասարակ մանկական նկարները 50 կամ 100 դրամով վաճառելը, ծաղկեփնջեր կամ փուչիկներ վաճառելը: Կարծում եմ՝ մուրացկանություն է:

Քիչ չէ նաև աղբանոցներում աշխատող անչափահասների թիվը: Նրանց, բնականաբար, աշխատանքը դուր չի գալիս, բայց այլ գործ ևս չեն գտնում, այդ գործն էլ կատարում են ծնողների թելադրանքով՝ անելանելի վիճակից: յսպիսով, դպրոց գնալու փոխարեն՝ երեխաները կարող են տան հոգսը թեթևացնել: Այն միտքը, որ այդքան մեծ հոգսը բարդել են պատանիների ուսերին, ծնողների մտքով երբևէ չի անցել:

Իսկ պետությունը մտահոգվո՞ւմ է:Այս հարցը շատերին է հուզում: Ունենալով անապահով երեխաներ՝ որևէ պետական անձի չի՞ հետաքրքրել այս երեխաների ճակատագրերը: Իհարկե՝ ո՛չ: Մի՞թե այս երեխաները պոտենցիալ հանցագործներ կամ հանցագործների թիրախներ չեն:

Երեխաները շարունակում են կուլ տալ բոլոր վիրավորանքներն ու անհարգալից վերաբերմունքն իրենց նկատմամբ, նրանք հույս ունեն, որ գոնե պետությունը ջանք կգործադրի և այս անելանելի վիճակից դուրս կբերի իրենց: Հավատում են, սպասում, հիասթափվում դառը իրողությունից… և կոտրվում: Երեխաներ, որոնց ճակատագրերն անուշադրության ենք մատնել, սակայն երբևէ չենք մտածել՝միգուցե նրանց մեջ են մեծանուն տաղանդները, արդար դատավորները, աստվածատուր բժիշկները, քաղաքական գործիչները, բայց այսօր ծածկված են արհամարհանքի քողով:

ՀՈՎՅԱՆ
Աղբյուրը՝ www.hovyan.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին