Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Չգիտեմ քանի մարդ կհասկանա սրա լրջությունը, բայց դե գրում եմ:
Ցանկացած հասարակություն` քաղաքացիական, թե քրեական, հիմնված է արդարադության վրա: Քաղաքացիական հասարակությանը սպասարկում է լեգալ դատական համակարգը, իսկ քրեական հասարակությանը` քրեական դատական համակարգ, որն իրականացնում են քրեական հեղինակությունները` քրեական աշխարհի դատավորները, «ճշտի» չգրված օրենքներով:
Հետաքրքիր է նաև իմանալ «ճիշտ» բառի պատմությունը: «Ճիշտ» բառը հայերեն լեզվում հայտնվել է կիլիկյան ժամանակաշրջանում` լատիներենից: «Ճիշտը» լատիներեն լեզվից ներթափանցել է նաև անգլերեն, արդարատության իմաստով` justice:
-Քրեական հասարակության «ճիշտը» նույնպես արդարատության յուրահատուկ ճյուղավորում է, որի վճիռները որոշակի ոլորտներում համարվում են լեգալ նույնիսկ ամենաօրինական և ժողովրդավարական երկրներում` մի տարբերությամբ, այդ երկրներում նման «դատարանի» կլիենտուրան բավականին փոքրաթիվ է:
-Հայաստանում կան ոլորտներ, որտեղ առաջացած խնդիրներըի լուծման համար պետք է դիմել քրեական աշխարհի դատարանին: Դրանք են` քրեական աշխարհի ներկայացուցիչների միջև ծագած վեճերը, քրեական էթիկայի կանոնների խախտումը, սեփականության կամ ֆինանսական հերցերի հետ կապված վեճերը, եթե դրանց ներգրավված են քաղաքական, քրեական և պետական բոմոնդի ներկայացուչները, ինչպես նաև վեճեր, որոնք վերաբերվում են ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված շարժական և անշարժ գույքին, ինչի պատճառով դրանք կարող են հանգուցալուծվել միմիայն քրեական աշխարհի օրենքներով (քանի որ Հայաստանում խոշոր սեփականության ոլորտը հիմնականում անօրինականության միջոցով է ձեռք բերվել, ապա բնական է, որ նրանց շուրջ առաջացած վեճերը չեն կարող հանգուցալուծվել պետական դատարններում): Որպես վառ մի օրինակ բերեմ. ժամանակին նախկին ԱԺ նախագահը սեփականության հետ կապված վեճ էր ունեցել նախկին մի պատգամավորի հետ: Երկու կողմն էլ դիմել էին քրեական աշխարհին վեճը հարթելու համար: Նման օրինակները շատ են:
-Եթե սեփականության շուրջ առաջացած վեճն ունի քաղաքական հնչողություն, ապա դրանք հարթվում են գերագույն հրամանատարի կողմից, իսկ եթե չունեն քաղաքական հնչողություն, ապա` համապատասխան «ատյաններում»: Պատահական չի, որ որոշ պատգամավորներ հայտարարում են, որ իրենք երբեք պետական դատարան չեն դիմի, եթե իհարկե դատը չի վերաբերվում «հասարակ» քաղաքացիների հետ վեճերին: Անգամ գեներել Սեյրանն էր վերջերս հայտարարել, որ ճիշտ ազատամարտիկը նույնպես դատարանում կամ խորհրդարանում բացատրություններ չի տա ներազատամարտիկական վեճերի ժամանակ: Նման վեճերն այլ ընթացակարգերով են լուծվում:
-Այսպիսով, Սերժ Սարգսյանը, որպես գերագույն հրամանատար, պետք է ապահովի պետական և «ճշտի» վրա կառուցված դատարանների գործունեությունը և նշանակի կամ ճանաչի «դատավորների» լիազորությունները, իսկ եթե առաջանում են անլուծելի վեճեր, դրանց լուծման համար պայմաններ ստեղծի: Եթե այդ վեճերը լուծում չեն ստանում, ապա առաջանում է համակարգային ճգնաժամ. կասկածի տակ է դրվում գերագույն հրամանատարի պիտանելությունը:
-Ըստ մամուլի տվյալների Օշականցի Գևորիկի և Երրորդմասցի Լյովիկի վեճը հանգուցալուծում չի ստացել: Ըստ նույն մամուլի հաղորդագրությունների, վեճից հետո քրեակատարողական հիմնարկներում առաջացել էր ճգնաժամ, որոշ գաղութներ ճանաչում էին Լյովիկի կողմնակիցների իրավասությունը, մյուսները` Գևորիկի: Սա «արդարադության համակարգի» ճգնաժամ է, որին պետք է լուծում տրվեր ամենաբարձր օղակից:Երրորդմասցի Լյովիկի սպանությունը կարելի է երկու կերպ հասկանալ. կամ այն իրականացվել է քրեական աշխարհի օրենքներին համապատասխան, կամ կատարվել է «հանցագործություն»:
Հաշվի առնելով այն, որ Երրորդմասցի Լյովիկի հուղարկավորության արարողությանը մասնակցել և հարգանքի տուրք են մատուցել քրեական և պետական այրեր, ապա պետք է ենթադրել, որ «հանրությունը» Լյովիկին համարում է արդար: Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ սպանության հետ կարող է կապ ունենա Մհեր Սեդրակյանը, սակայն ԱԺ պատգամավոր Սեդրակյանը հայտարարել էր, որ դա «իր ձեռագիրը» չէ:
-Եթե Սերժ Սարգսյանը չկարողանա գտնել սպանության պատվիրատուին, ապա «ճշտի» վրա հիմնված դատական համակարգը խորը ճգնաժամի մեջ է հայտնվում: Լյովիկի սպանությունը ստվեր է գցում Օշականցի Գևորիկի հեղինակության` և բնականաբար նրա կողմից կայացվող վճիռների «օրինականության» վրա: Պետք է տրվեն պատասխաններ նաև նախկին կոնֆլիկտների վերաբերյալ, այլապես կոնֆլիկտները կարող են լուծվել ոչ թե «ճշտի» կանոններով, այլ բիրտ ուժի հիման վրա: Դա արդեն բեսպրեդել է:
-Քենեդու սպանության պատճառների մասին տարբեր վերսիներ կան: Դրանից մեկն այն է, որ ընտրությունների ժամանակ քրեական աշխարհի հետ, ընտրությունների ժամանակ իրեն սատարելու դիմաց, նա պայմանավորվածությունների էր եկել, սակայն նրա եղբայր Էվուարդ Քենեդին մի քանի անգամ խախտել է այդ պայմանավորվածությունները:Մոտավորապես նման կերպ են լուծվում հարցերը նաև Հայաստանում:
Օրինակ, մի քանի տարի առաջ «168 Ժամ»-ում Մհեր Սեդրակյանը մի երկար հարցազրույց էր տվել, որտեղ պատմում էր, թե ինչպես է սկսել քաղաքականությամբ զբաղվել: 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն են այցելում երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը և խնդրել ընտրությունների ժամանակ իրենց սատարել: Բնական է, որ պարտավորությունները փոխադարձ են լինում:
-Սերժ Սարգսյանը որպես «Սահմանադրության» երաշխավոր լուրջ մարտահրավերի առաջ է հայտնվել: Երրորդմասցի Լյովիկի սպանությունը նրա համար ավելի լուրջ խնդիր է ներկայացնում, քան ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտն էր:
-Հ.Գ. Օրերս մամուլը գուժեց, որ Սերժ Սարգսյանը լիազորություններից զրկել է մի դատավորի (պետական դատարանի դատավորի), որը քաղաքացիական ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած կոնֆլիկտը լուծել է ի վնաս ոստիկանների: Պետական դատարանը չի կարող որոշումները միշտ ի օգուտ ոստիկանների կայացնել, երբեմն պետք է որոշումներ կայացվեն ի օգուտ քաղաքացիական ակտիվիստների, որպեսզի քաղաքացիները հաղթելու գոնե տեսականորեն հավանականություն ունենան: Այլապես քաղաքացիները պետք է նույնպես դիմեն քրեական հեղինակություններին` այլ տարբերակ չի մնում:
Սակայն Սերժ Սարգսյանը, ինչպես քաղաքական կուսակցությունների դեպքում, այնպես էլ պետական դատարանների դեպքում ըստ երևույթին միայն տոտալ վերահսկողություն է ճանաչում: Եթե պետական դատարանների դեպքում դա հնարավոր է, ապա քրեական դատարանների դեպքում դա ավելի դժվար լուծվող խնդիր է: