«Իշխանությունները չեն ձևավորելու ՍԴ, որը կլինի խամաճիկային կամ պատկանելու է իշխանություններին: Ձևավորելու է ՍԴ, որը լինելու է նոր, սկզբունքային: Պատգամավորները քննարկումներից հետո իրենց որոշումը կայացրել են և չեմ համարում, որ այստեղ մենք որևիցե մեկին դավաճանել ենք: Վերջիվերջո պետք է նախևառաջ հասկանանք՝ ովքեր են այդ խոսացողները: Ում էլ ընտրեինք, վստահեցնում եմ, ինչ թեկնածու էլ լիներ, մշտապես լինելու են տարբեր շահեր»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Լրագրողները նաև հիշեցրեցին, թե Երվանդ Խունդկարյանի հետ կապված ինչ քննադատություններ են եղել, որ նա կամակատար է և այլն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ այս ժամանակահատվածում Խունդկարյանը որևէ դեպք չի եղել, որ խամաճիկի դերում լինի:
Իսկ թե նախկին իշխանության հետ ինչ հարաբերություններ են ունեցել, Ա. Սիմոնյանն արձագանքեց. «Բոլորս էլ նախկին իշխանության հետ նույն շենքում աշխատել ենք, ինչ-որ ձևով առնչվել ենք, ապրում ենք այս երկրում... ես մարդկանց դատելով չեմ զբաղվում, ես կարծիք եմ հայտնում, և կարծում եմ, որ պարոն Խունդկարյանը կարող է իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները»: