«Մարդիկ մեր օրերում հեռացել են գրքից, հատկապես ասմունքից: Փողոցային լեզվի շատ գործածման պատճառներից մեկն էլ պոեզիա չկարդալն է»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով պոեզիայի, դրանով հասարակության հետաքրքրվածության մասին` ասաց բանաստեղծ Լևոն Բլբուլյանը:
Ինչ վերաբերում է պոեզիայի ներկայացմանը, ապա բանաստեղծը նշեց, որ մեկը սիրում է խոսակցական, մյուսը` վերամբարձ ոճը:
«Ես մտերմիկ ոճի կողմանակիցն եմ, հիշենք Վլադիմիր Աբաջյանի ասմունքը»,-շեշտեց Լևոն Բլբուլյանը:
Ասմունքող Լիանա Զուրաբյանն էլ, շարունակելով բանաստեղծի խոսքը` նշեց, որ ինչ վերաբերում է պոեզիայի ներկայացման ձևին, ապա ճիշտ է, բանասեր է, թատերական ինստիտուտում չի սովորել, սակայն, խոսքը հղկել է Վլադիմիր Աբաջյանի մոտ:
«Այսօր կա ոգու սով և կան մարդիկ, ովքեր ունեն այն հագեցնելու պահանջը: Ուստի, մենք կազմակերպում ենք ասմունքի երեկոներ, որին ներկա են լինում թե' երիտասարդներ, թե' տարիքն առած մարդիկ»,-խոսելով պոեզիայի մասին` ասաց Լիանա Զուրաբյանը:
Անդրադառնալով շատերի կողմից իր հասցեին հնչեցրած կարծիքներին` կապված ոչ մասնագետ լինելու, ասմունքի դպրոց բացելու հետ` Լիանան շեշտեց, որ փոխանակ ոգևորեն` ասում են մասնագետ չեք, մի' կրթեք:
«Իսկ, մի՞թե պետք է շատ լավ կրթված լինի, որ կրթի իր որդուն: Լավ, ասենք ես բանասեր չեմ, 10-ամյա կրթություն չունեմ, ես անգրագետ եմ, բայց ես Աստծո կողմց տրված շնորհք ունեմ»,-նշեց Լիանա Զուրաբյանը:
Անի Կարապետյան