Այսօր ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, արձակագիր Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան, եթե ոճրագործ «հայի» ձեռքը չընդհատեր սպարապետի թռիչքը: Վազգեն Սարգսյանի դերն անգնահատելի է պետականության և ԶՈւ կազմավորման գործում:
Ծնվել է Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976-80)։ 1979-83-ը աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թթ.-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանիկոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թթ.)։ 1987-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։
1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-92-ին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-95-ին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-99-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999-ի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։
«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում’ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Միջազգային գեղեցիկ ու հարթ նշանառության օրենքները դիպչում են մեր քարերին ու ցաք ու ցրիվ լինում: Այս երկիրը անտրամաբանական սիրով և անտարամաբանական ատելության երկիր է: Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում, ծնվում են անրհաժեշտաբար և խորհրդարան են մտնում են լոկ հանդերձավորելու համար: Այս երկիրը բառերուվ սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: Այս երկրի մայրաքաղաքը սկսում է խրամատից: Այս երկրի ազգային ժողովի պատգամավորների խոսքը պետք է ճշմարտություն դառնա խրամատում: Հազարամայակներ պետք եղան, որպեսզի հասկանանք որ լալահառաչ մշակույթով ազգ չի ապահովում: Ինչ է, ևս մեկ հազարամյակ է պետք որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունը ազատագրված հողն է: Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդ պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ ,որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու’ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին’ արժանապատիվ պատմություն առջևում’ տարածություն»:
Վազգեն Սարգսյան 1997թ.
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մէկ-մէկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ»....
Վ. Սարգսյան
«Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո` էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։ Բռունցքված ձեռքն այսօր բուռ է դառնում եւ գրանցում ու աշխատատեղ է վաճառում գաղթականին, տնակ` աղետյալին։ Մի սուտ բանի համար ավտոբուսում կարող ենք մեկմեկու գլուխ ջարդել, հինգ րոպե անց ինքներս մեզ վարկաբեկել. «ազգ չենք, էլի» կես ժամ հետո վանկարկել` «մի-ա-ցում»: Հազար անգամ ասել ենք, որ մեր փրկությունը մեր միասնական ուժի մեջ է, բայց այնքան ենք իրարից հեռու, ասես իրավապահ մարմինների աշխատողներս այլ ազգից ենք, գործարարներս` ուրիշ, մեկէլներս ու էն մեկէլներս` լրիվ ուրիշ… Մինչդեռ, հայ գյուղացին, հայ շինարարը, հայ գիտնականն ու կառավարիչն այսօր առավել, քան երբեւէ, պարտավոր են մեկմեկու հանդուրժել-օգնել` դառնալու աշխարհի ամենալավ հողագործն ու շինարարն ու գիտնականն ու կառավարիչը։ Եվ ամենալավերի հավաքականությունը կդառնա ամենակարող ուժ։ Ուրիշների քանակի դեմ` որակ, այլ ելք մենք չունենք։
Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, գաղափարագարությունից, բոշայությունից, ոռբացությունից, ծախված դիրքերից…
Կեղծ ինտերնացիոնալիզմից շատ եմ վախենում։
Վախենում եմ ՙՂարաբաղ՚ կոմիտեի տղերքի ճակատագրի համար։
Մեղրու իննհարկանի շենքերին նայում ու վախենում եմ անպատիժ անպատասխանատվությունից։ Նոր երկրաշարժից եմ վախենում, հնի` հետեւանքներից։
Ագարակի մոլիբդենի կոմբինատի թափոններից եմ վախենում, ծիրանենիների չորացումից։
Էհ, ամենաառաջին չոբանի հայտնությունից եմ վախենում։ Չէ, հայտնությունից չէ` մեր կանչել-բերելուց եմ վախենում։
Վախենում եմ մեր խելքի չգալուց։
Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)։
Վախը պարպելու ամենալավ միջոցն, ասում են, գոռալն է` ուզում եմ գոռալ աղաղակել իրենց հավաքական, անվախ ականջում։
Հայրենակիցներ, վախենում եմ. Չէ. վախ բռնողի մոտ մի տարեք, վախս կիսեք։ Մեր փրկությունը նաեւ մեր հավաքական վախի մեջ է։ Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի է~ն, վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Թե չէ ամեն կողմից պատրաստ սպասում են, նայեք, քրքիջն աչքներում, որ տենչում է պայթել. «Հայի վերջին խելքը իմը լիներ»… Չէ, մեր խելքը մեզ եւ այսօր, հիմա է պետք։ Խելք-խելքի, եղբայրներ, ուս-ուսի, եղբայրներ, վախենում եմ»…
Վազգեն Սարգսյան, Մեղրի, 1988-89թթ