Այսօր կայացած «Հայկյան» մրցանակաբաշխության ավարտին Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարևորել ավանդական դարձած այս նախաձեռնությունը և մաղթել հետագա հաջողություններ:
«Մեր զոհված մարտական ընկերների սիրելի՛ ծնողներ,
Պարոնա՛յք սպաներ,
Սիրելի՛ երիտասարդներ,
Ուզում եմ բոլորիդ ներկայությամբ շնորհակալություն հայտնել այսօրվա այս գեղեցիկ երեկոյի կազմակերպիչներին նաև այն բանի համար, որ այսօր հնարավորություն ունեմ շփվելու ձեզ հետ, որովհետև այսպիսի շփումները միշտ նոր լիցք են հաղորդում, եռանդ են հաղորդում: Եվ ես մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդների հետ՝ լինեն նրանք զինվորականներ, գիտնականներ, ուսանողներ, թե մեր կուսակից ընկերները: Սա նաև հնարավորություն է տալիս ճշտելու մեր ուղին, ճշգրտումներ մտցնելու մեր աշխատանքի մեջ: Իհարկե, թախիծով ու նաև հպարտությամբ շնորհավորում եմ հայրենիքի սահմանները պաշտպանելիս քաջի մահով ընկած մեր զինվորականներին ու նրանց ծնողներին: Թախիծով, բնականաբար, որովհետև նրանք չկան, ավելի ճիշտ՝ այս դահլիճում չեն, ու հպարտությամբ, որովհետև մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն, պարտքի զգացողություն, ովքեր ունեն հայրենասիրական ջերմ զգացումներ:
Իհարկե, շնորհավորում եմ նաև մյուս մրցանակակիրներին, որոնց պատմությունը հաջողությունների պատմություն է: Եվ ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները չափազանց կարևոր են, որովհետև մենք պարտավոր ենք ուղղակի առանձնացնել և ուրիշներին ի ցույց դնել մեր լավագույններին՝ այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց տաղանդի, շնորքի շնորհիվ կարողանում են հասնել հաջողությունների: Ես չեմ հավատում այն խոսքերին, որ հատկապես ծնողներն են սիրում երեխաներին ասել, որ վատ օրինակը վարակիչ է: Այդպես չէ՝ լավ օրինակը շատ ավելի վարակիչ է, և մենք պետք է կարողանանք, անպայման, այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ: Դրա համար ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում և ուզում եմ մեկ անգամ ևս հրապարակավ հայտարարել, որ բոլոր դժգոհների, բոլոր հոռետեսների այն ասածին, որ Հայաստանն ապագա չունի, պատասխանը ձեր գործունեությունն է, այսօրվա մեր երիտասարդությունն է, նրա ձեռքբերումները:
Շատ շնորհակալ եմ և բոլորիդ հաջողություն եմ մաղթում»,-ասել է Սերժ Սարգսյանը:
«Հայկյան» մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։
«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երևան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» և «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:
Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Կոնստանտին Ենկոյանին՝ «Նոբելյան օրեր՝ Երևանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար, Տիգրան Քոչարյանին՝ 2016 թվականին «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու և ինտելեկտուալ շարժումը զարգացնելու համար, «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիր» կազմակերպությանը՝ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում, Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման և նվիրումի համար, Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և հայկական սպորտի հանրահռչակման համար:
«Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաև 2016 թվականին ՀՀ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։
«Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։