▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես և Արտյոմը միասին ենք. Ֆաինա Հարությունյան

 

 

 

 

 

 

 

Ֆաինա Հարությունյանի  աշխատանքային կենսագրությանը ծանոթանալիս թվում է, թե նրան ամեն ինչ շատ հեշտ է տրվում: Ղազախստանից եկած աղջիկը կարճ ժամանակահատվածում նորաձևություն թելադրեց հայ շատ հայտնիների, սակայն իրականում առաջինհայացքից արագ նվաճված հաջողությունը Ֆաինայի հսկայական աշխատանքի արդյունքն է: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Ֆաինա Հարությունյանը պատմել է առաջին քայլերի, Հայաստանը գրավելու, սիրած տղամարդու մասին և ոչ միայն: 

-Ֆաինա, օրեր առաջ արժանացել եք «Տարվա դիզայներ» մրցանակին: Ուշագրավն այն է, որ մեզ հետ զրույցում` ի տարբերություն մյուս մրցանակակիրների, ասացիք, որ սպասում էիք այդ հաղթանակին: Իսկ եթե սպասելիքները չարդարանային և մրցանակը հանձնվեր այլ մարդու, ըստ Ձեզ` անարդար կլինե՞ր:

-Սպասում էի, որովհետև քվեարկությունը բաց էր, և ամեն օր կարելի էր հետևել արդյունքներին, իսկ չգիտեմ դուք ում եք հարցրել և ինչ պատկեր էր նրանց մոտ. ինձ մոտ ես միշտ առաջատար դերում էի, առաջին իսկ օրվանից, և տարբերությունը շատ մեծ էր, այդ  է պատճառը, որ ես սպասում էի, և այ՛ո ավելորդ ձևականություն չարեցի ու ձեզ ասեցի, որ ապասում էի մրցանակին (ժպտում է):

-Եվ, առհասարակ, Հայաստան տեղափոխվելուց հետո երբևէ Ձեր գործունեության շրջանակներում անարդարության հետ բախում ունեցե՞լ եք և ըստ այդմ նաև զգացողություն, որ պատմական հայրենիք տեղափոխվելը ճիշտ քայլ չէր:

-Չի եղել այդպիսի օր, որ ես փոշմանեմ իմ ներգաղթի համար, ավելին` ես ամեն օր շնորհակալ եմ Աստծուն իմ կյանքի, իմ ամեն օրվա համար: Իսկ դժվարություններ, իհարկե, եղել են, ամենատարբեր ոլորտներում, բայց ես ուժեղ մարդ եմ, և հեշտ չի ինձ «կոտրելը»:

-Օրեր առաջ Ձեր կյանքում ևս մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել: Ռուսական հայտնի և հեղինակավոր ֆեշն կայքերից մեկի` BURO24/7.ru-ի կողմից առաջարկ էիք ստացել մասնակցելու «Дружба народов» վերնագրով նախագծին,որտեղ ներկայացվել էին հետխորհրդային երկրների` BURO-ի կողմից նկատված և ընտրված դիզայներները: Հանդես էիք եկել Ձեր նոր «ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶ» հավաքածուի որոշ նմուշներով: Արդյո՞ք նրանց ընտրությունը Ձեզ համար նույնպես սպասելի էր և ի՞նչ քաղեցիք տվյալ համագործակցությունից:

-BURO24/7.ru շատ հեղինակավոր կայք է, և այդ նախագիծն ուղղակի նախագիծ չէր, այն նվիրված էր կայքի 3 ամյակին: Ի դեպ, այդ կայքի 3 ամյակը շնորհավորում էին ֆեշն աշխարհի ամենահայտնի մարդիկ, սկսած էքսցենտրիկ Աննա Վենտուրից վերջացրած Ջորջիո Արմանիով: Այդ պատճառով սա իրոք նշանակալի իրադարձություն էր ինձ համար, չնայած հավատացեք ոլորտի ցանկացած ներկայացուցչի համար դա շատ պատվաբեր կլիներ՝ լինի դա Հայաստանում թե անգամ Ռուսաստանում: Իսկ սպասելու առումով, ոչ ես չէի սպասում, ասեմ ավելին` իմ զգեստներն արդեն 15 օր  Մոսկվայում էին, ես գիտեի, որ արվել է ֆոտոսեսիան, բայց ես չէի հավատում, որ վերջնական տարբերակում ես կլինեմ, քանի որ ընտրվել էին ավելի շատ դիզայներներ, բայց վերջնական տարբերում հայտնվեցինք ընդամենը 8 դիզայներով:

-Որպես կանոն մարդիկ իրենց աշխատանքի տարածման, մասսայականացման համար նախընտրում են մեծ քաղաքներ, որը ներառում է նաև համապատասխան մեծ սպառողական շուկա: Ձեր դեպքում հակառակն է եղել: Ինչո՞ւ որոշեցիք Ղազախստանից գալ Երևան և հենց այստեղ քայլեր ձեռնարկել, ինչո՞ւ շատերի պես չորոշեցիք Ձեր ճանապարհը սկսել, օրինակ` Մոսկվան գրավելուց:

-Ինչո՞ւ միայն Մոսկվա, հավատացեք Ղազախստանը նույն նորաձևության առումով շատ ավելի առաջ է քան Հայաստանը, էլ չեմ խոսում այնտեղի շուկայի մասին: Հայաստանում, իհարկե, Ղազախստանին այդպես լուրջ չեն վերաբերվում, (ժպտում է), բայց դե դուք, իհարկե, գիտեք այնտեղ ինչ գումարներ և ինչ հնարավորություններ կան: Ասեմ ավելին` ինձ մինչև հիմա հրավիրում են Ղազախստանի նորաձևության շաբաթներին, բայց դրա մասին մյուս անգամ: Իսկ Հայաստանը վերադառնալու մասին ասեմ՝ իմ հայրը, իմ մայրն այնպես են մեզ դաստիարակել, որ մենք միշտ կապված ենք եղել Հայաստանի և Ղարաբաղի հետ: Ես 7 տարեկան եմ եղել, որ լքել եմ իմ հայրենիքը, բայց այսօրվա պես հիշում եմ այդ օրերն ամենանայն մանրամասնությամբ: Արցախյան պատերազմն առաջինը մեր գյուղն է տեսել, և  չկա այդպիսի ամիս, շաբաթ, որ երազում չտեսնեմ իմ պապական տունը, որը, ցավոք, այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է, ուրեմն` գալով ձեր հարցին ինչո՞ւ եկա հայրենիք՝ երևի դա դաստիրակության, արյան կանչի, իրոք առանց մեծ-մեծ խոսքերի՝ դա հայրենասիրական մի քայլ էր:

-Այսօր ամենաճանաչված հագուստի դիզայներներից մեկն եք, համագործակցում եք հսկայական թվով մարդկանց հետ: Ի՞նչ եք կարծում` արդյոք կունենայիք նույն համբավը, եթե ժամանակին չհամագործակցեիք հայ հայտնիների հետ, իսկ նրանք, հանուն արդարության պետք է նշենք, որ երբեմն նույնիսկ տեսահոլովակի պրեմիերայից հետո հագուստի մոդելավորողին կամ դիմահարդարին ավելի շատ են շնորհակալություն հայտնում քան նույն ռեժիսորին:

-Ես չեմ կարող չհամաձայնվել ձեզ հետ, այո, այն մարդիկ ովքեր հանրությանը ծանոթ և սիրված են, մեծ համբավ են բերում դիզայներներին, և դա ամբողջ աշխարհում է, այդ պատճառով ես միշտ շնորհակալ եմ այն ԲՈԼՈՐ մարդկանց, ովքեր ընտրել են Ֆաինա: Գոհար Գասպարյանը և Անդրեն, իմ առաջին աստղային այցելուներն են, որոնք գրեթե բոլոր միջոցառումներին կրել են Ֆաինա ու դա ես երբեք չեմ մոռանա:

-Ունենալով մեծ հաջողություն` ի՞նչ քայլեր եք փորձում ձեռնարկել հետագայում: Նվաճելով Հայաստանը` գուցե ժամանա՞կն է քայլեր անել նաև դրսում և հայկական արտադրության հագուստ ներկայացնել նաև օտարներին: Չմոռանանք, որ ժամանակին Անդրեի հետ միասին ջինսերի արտադրությամբ էիք զբաղվում, որոնք նախատեսված էին դրսի շուկայի համար:

-Գիտեք մենք ունենք բավականին հետաքրքիր, զարգացող շուկա: Այսօր Հայաստանում գրեթե բոլոր համաշխահային բրենդներն ունեն իրենց խանութները Հայաստանում, այդ ամենը բերում է նորաձևության ինդուստրիայի զարգացման: Այսօր շատ են այն մարդիկ, ովքեր ասում են, որ Հայաստանում նորաձևություն չկա և չի կարող լինել, ես հակադարձում եմ: Հայաստանն աշխարհից չի կարող հետ մնալ մի պարզ պատճառով, այսօր ինտերնետն ամեն ինչ հասանելի է դարձրել, այսօրվա մեր նոր սերունդը այլևս դատապարտված է լինել ոճային ու մոդայիկ: 12-13 տարեկան աղջիկները հիմա էլ չեն էլ սպասում Vogue kam Elle նորաձևության ամսագրերին, նրանք ինստագրամի շնորհիվ ամեն օր տեղեկանում են ամենավերջին տրենդներին, էլ չեմ ասում որ այսօրվա երեխաները էլ չեն տեսել «յառմռկաներ», թուրքական վատ զգեստներ: Նրանք օգտվում են արդեն խանութներից, որտեղ բարձրակարգ մասնագետներն ամեն ինչ արդեն այնպես են դասակարգում, որ գույնի, ոճի ընտրությունը րոպեների հարց է դառնում: Այնպես, որ մենք մեր երկրում անելու շատ բան ունենք, դեռ մենք մերն անենք, հետո կմտածենք այլ, դրսի շուկաներ մուտք գործելու մասին:

-Կուզեի նաև խոսել այն մասին, թե արդյո՞ք Ձեզ համար դժվար չէ և ստեղծագործելը, և որոշակի առումով գործարարությամբ զբաղվելը: Բիզնես և ստեղծագործական բախումներ ունենո՞ւմ եք:

-Իմ առաջին մասնագիտությունը՝ էկոնոմիա և մենոջմենթ է, եվ իմ աշխատանքը ես կառուցել եմ բիզնես պլանների ճիշտ կառուցման հիմքի վրա: Այդ է պատճառը, որ ինձ մոտ ամեն ինչ դասակարգված է՝ երբ և ինչ. բիզնեսը ինձ հեշտ է տրվում: Դրա համար ավելի շատ ժամանակ ես կարողանում եմ տրամադրել հենց ստեղծագործական աշխատանքին:

-Ձեր անձնական կյանքից քիչ եք խոսում, ավելին` ոչ մի տեղ չգտանք նման անդրադարձներ, խուսափո՞ւմ եք այդ թեմայից: Թեև համացանցում պարբերաբար հայտնվում են Ձեր և օպերատոր Արտյոմ Աբովյանի համատեղ լուսանկարները:

-Այո, ես հարցազրույցներ չեմ տալիս անձնական թեմայով, անձնականն անձնական է, բայց ես և Արտյոմը միասին ենք, եթե ավելի պաշտոնական լուր լինի, անպայման կտեղեկացնեմ:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին