pastinfo.am-ը գրում է. Արդարացման դատավճիռների քանակը Հայաստանում շատացել է և դա, իհարկե, լավ է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նկատեց, որ արդարացման դատավճիռները դեռևս 7-8 տարի առաջ համարվում էին ինչ-որ մի եզակի դեպքեր՝ տարվա մեջ եթե մեկ-երկու հատ արդարացման դատավճիռ լիներ, դա կարող էր համարվել արդեն մեծ նվաճում:
Եթե քննության և արդարադատության բավականին բարձր մակարդակ ունեցող տարբեր երկրներում արդարացման դատավճիռները կազմում են բավականին մեծ տոկոս, ապա մեզանում որ շատ վաղ անցյալում չկային արդարացման դատավճիռներ:
Դա կարող էր նշանակել, որ կամ ոստիկանությունն ու դատախազությունն անթերի են աշխատում, ոչ մի անգամ անմեղ մարդ չի նստում ամբաստանյալի աթոռին կամ բոլորը հաշտվել են այն մտքի հետ, որ կա որոշակի խոտան, այսինքն՝ դատարանները տասից կամ քսանից մեկ դեպքերում նաև անմեղ մարդկանց են դատապարտել:
«Պատկերացրեք, կան դատավորներ, ովքեր 20-30 տարի քրեական գործեր են քննում ու մարդ չեն արդարացրել: Կարո՞ղ է 20-30 տարի մեր ոստիկանությունը, դատախազությունն այնքան անթերի աշխատած լինեն, որ ոչ մի անգամ այդ դատավորի մոտ անմեղ մարդու գործ հայտնված չլինի կամ նույնիսկ ոչ թե անմեղ մարդու, գոնե այնպիսի մարդու, ում մեղադրանքն այնքան էլ լավ ապացուցված չէ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ասվածից հետևում է, որ դատավորը կայացրել է մեղադրական դատավճիռ՝ անկախ նրանից՝ դատարանում այդ գործերով մեղադրանքը հաստատվե՞լ է, թե՝ ոչ:
«Դա արդեն դատավոր չէ, նվաստացնում է իր պաշտոնը, դիրքը, նոտարի գործառույթ է իրականացնում, իր համար դատական քննությունն ամբողջության ձևականություն է, անհամբեր սպասում է այդ ամեն ինչն ավարտվի, որ վավերացնի դատախազության մեղադրական եզրակացությունը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ նույնիսկ նոտարն իրեն վավերացման ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենքին ստուգում է. «Սրանք չէին էլ ստուգում»:
Հայկ Ալումյանը փաստեց, որ հիմա արդեն քիչ-քիչ դատական համակարգում հայտնվեցին դատավորներ, ովքեր չեն խուսափում արդարացման դատավճիռներ կայացնելուց, հայտնվեցին դատավորներ, ում համար սկզբունքային է, որպեսզի իրենք չդատապարտեն մի մարդու, ում մեղավորության մեջ վստահ չեն:
«Շատ կարճ ժամանակում այսպիսի դատավորների մասին իմացան բոլորը ու արդեն տեղի ունեցավ տարանջատում դատավորների, ովքեր ունակ են արդարադատություն իրականացնել և այն դատավորների, ովքեր որպես դատավորներ, Խորհրդային Միության արտադրանք են. նույնիսկ եթե դատավոր են դարձել Խորհրդային Միության փլուզումից հետո, բայց միևնույն է նրանք իրենց էությամբ Խորհրդային Միության արտադրանք են»: Նրանք չեն համարում, որ կարող են դատախազության հետ ինչ-որ մի հարցում չհամաձայնել:
Հայկ Ալումյանը նշեց, որ դատական համակարգի ու դատավորների վրա երևի որոշակի ազդեցություն են թողել դատական ռեֆորմներից՝ «որքան էլ մենք դժգոհենք դատական ռեֆորմներից: Դրանց արդյունքում՝ նշանակվեցին դատավորներ, ովքեր որ իրոք ունակ են իրենց կարծիքն արտահայտել՝ «անկախ նրանից, թե ում դա դուր կգա, թե՝ ոչ»:
Դրական միտումների վրա իր ազդեցությունը թողեց, ըստ Հայկ Ալումյանի, նաև Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեց դատարանների կողմից քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը:
Նախկինում, եթե մեղադրանքը փլվում էր դատարանում, դատավորը արդարացման դատավճիռ կայացնելու փոխարեն գործն ուղարկում էր լրացուցիչ նախաքննության՝ մի հատ էլ շանս տալով դատախազությանը գործն ամրացնել, նորից ուղարկել դատարան:
«Սահմանադրական դատարանն այդ նորմը ճանաչելով հակասահմանադրական, փաստորեն, դատավորներին մեսիջ ուղարկեց՝ եթե տեսնում եք, որ մեղադրանքը չի հաստատվում, ինչո՞ւ եք ուղարկում լրացուցիչ նախաքննության, արդարացրեք, և այդ մեսիջը հասավ տեղ, հասավ որոշ դատավորների»:
Դեր խաղաց նաև այն, որ այսօր արդարացման դատավճիռ կայացնող դատավորների հետևից չեն ընկնում, ինչպես առաջ:
«Ճիշտ է, մենք էլի դժգոհ ենք, իրոք տեղ ունենք դժգոհելու մեր դատական համակարգից էլ, Արդարադատության խորհրդից էլ, բայց արդեն այնպես չէ, ինչպես առաջ, որ այն դատավորը, որ արդարացման դատավճիռ է կայացրել, սպիտակ ագռավ է դառնում ու բոլորը, կարծեք թե, իրենց պարտքն են համարում նրան կտցահարել՝ դատախազությունը մի կողմից, մյուս կողմից՝ վերադաս դատական ատյաններն ու Արդարադատության խորհուրդը: Հիմա արդեն դրան ավելի նորմալ են վերաբերվում»,- ասաց Հայկ Ալումյանը:
«Հիմա արդեն այլ երևույթի ենք ականատես լինում, երբ դատավորների համար ինչ-որ տեղ պատվի հարց է, որ ինքը ժամանակ առ ժամանակ արդարացման դատավճիռներ կայացնի:
Դա արդեն շատ լավ տենդենց է, եթե այսպես գնա, երևի մի օր մենք կգանք այն վիճակին, որ դատավարությունն իրոք կդառնա մրցակցային, այսինքն՝ դատավորը կլինի մեղադրանքի ու պաշտպանական կողմերի մեջտեղում, դատավորն իրոք կլինի հենց այնտեղ, որտեղ որ պետք է լինի»: