«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Մհեր Մկրտչյան թատրոնի արտիստ, «Կյանք ու կռիվ 2», «Լյուդվիգ անունով ոզնին», «Հոսանքին հակառակ» ֆիլմերից հայտնի դերասան Արծրուն Չոբանյանն է: Նա խոսել է իր բնավորության գծերի, նախասիրությունների մասին, անդրադարձել է նաև քաղաքական թեմաների: Արծրունը նշել է, որ ներկայիս քաղաքական ուժերը որևէ բանով առավել չեն Սերժ Սարգսյանից կամ նախկին այլ իշխանավորներից: Ու թեև Արծրունը պարոն Փաշինյանին հարգում է, կարծում է, որ նրա շրջապատում կան մարդիկ, որոնք խաչ են քաշում նրա ամբողջ արածի վրա:
-Արծրո՛ւն, Ձեզ մոտիվացնում է, յուրահատուկ տրամադրություն է հաղորդում արեւո՞տ, թե՞ անձրեւային եղանակը:
-Տաք եղանակը: Երբ անձրեւ է գալիս, չեմ ուզում տեղիցս վեր կենալ:
-Տնից դուրս գալիս միշտ մոռանում եք Ձեզ հետ վերցնել…
-Չկա նման բան: Միշտ ստուգում եմ գրպաններս, հետո եմ դուրս գալիս:
-Երբեք չեք հասկացել այն մարդկանց, որոնք…
-Բոլորին էլ հասկանում եմ, բայց ամեն մեկին չէ, որ ընդունում եմ: Հոգեբանական նյուանսներ կան, որոնք միշտ էլ կարելի է հասկանալ, բայց դատավճիռներ տալու հարցում կտրուկ չեմ:
-Ո՞ր լեզվին կցանկանայիք փայլուն տիրապետել:
-Պորտուգալերենին: Ինչ խոսք, քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Անգլերեն քիչ թե շատ խոսում եմ, ռուսերեն նույնպես, ֆրանսերեն էլ կցանկանայի սովորել, բայց պորտուգալերենն եմ նախընտրում:
-Ունե՞ք մի վատ սովորություն, որից կցանկանաք օր առաջ ձերբազատվել:
-Ճշտապահ եմ, եւ դա շատ վատ է, երբ շրջապատումդ շատերն այդպիսին չեն: Բայց ես փոխվողը չեմ:
-Խնայողությունն ավելի շատ արժե ծախսել շոփինգի՞, թե՞ ճամփորդության նպատակով:
-Ճամփորդության:
-Ձեր տան անդամները միշտ դժգոհում են, երբ…
-Երբ ֆուտբոլ եմ դիտում: Այդ պահին ամեն ինչ անջատում եմ եւ բոլոր հնարավոր ձեւերով կենտրոնանում եմ խաղի վրա:
-Երբեք չեք կարող անտարբեր անցնել…
-Գեղեցիկի կողքով:
-Ավելի շատ սիրում եք նվեր տա՞լ, թե՞ ստանալ:
-Երկուսն էլ հաճելի է:
-Դուք մուտք կգործեք քաղաքականություն, եթե…
-Եթե Սերժ Սարգսյանը հետ գա եւ ինձ կանչի, մեծ հաճույքով կաշխատեմ իր հետ: Անկեղծ եմ ասում: Եթե դուք կարծում եք, որ ներկայիս քաղաքական ուժերն ինչ-որ բանով առավել են Սերժ Սարգսյանից կամ նախկինում եղածներից, ապա ես դրան չեմ հավատում: Նոր իշխանության կազմում մի քանիսը լավն են, ներառյալ վարչապետը, որին ես հարգում եմ, բայց նրա շուրջը կան «կենդանիներ», որոնք խաչ են քաշում իր ամբողջ արածի վրա: Այնպես չէ, որ ես նախկին իշխանությունից գոհ եմ եղել, նախկիններն այնպիսի մի աբսուրդի մեջ էին, որ նրանց լինելն ուղղակի աբսուրդ էր, բայց հիմա գրագետ, ազնիվ քաղաքական գործիչների կողքին նկատում եմ մի քանի զզվելի աբիժնիկների, որոնք իրենց վատ են պահում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում