Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ֆրանսիայի նախագահին ուղեկցել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հյուրերին հուշահամալիրի կառուցման պատմությունը, հուշակոթողի խորհրդանշական իմաստը ներկայացրել է ՀՑԹԻ գործընկեր Արմեն Բաղդասարյանը: Էմանուել Մակրոնը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա պատվիրակության անդամների հետ ծաղիկներ է դրել Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Պատվիրակության անդամները՝ նախագահ Մակրոնի գլխավորությամբ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին, դիտել են ցուցանմուշները, եղել են նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահում, դիտել են Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի XVII-րդ գագաթնաժողովի շրջանակներում երեկ բացված նոր երկու ցուցադրությունները՝ «Ապրելու կամքը և փրկելու առաքելությունը» և «Գրիգոր Ճօլօլեան. Փարիզի հայ լուսանկարիչը»:
Թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արևն առած իրենց աչքերի մեջ», նրանք, ովքեր՝ «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան քողազերծել է ցեղասպանությունը դեռ 1915 թվականին մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին և ընտանիքներին, ովքեր փախչում էին ցեղասպանությունից, և ովքեր մեր ազգն ավելի պանծացրին:
Ֆրանսիան երբե´ք չի մոռանա և կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար:
Այս տխուր խոնարհումը: Նրանց համար, ովքեր ընկան: Մեր և գալիք սերունդների համար»:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Ֆրանսիայի նախագահին հանձնել է բարձրաստիճան հյուրերին տրվող ոսկե մեդալ և իր հեղինակած «Հայ ինքնության պատկերագրությունը. ցեղասպանության հիշողությունը և Ղարաբաղյան շարժումը», ինչպես նաև Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքերը:
Ֆրանսիայից ժամանած հյուրերը շրջել են նաև Հիշողության պուրակում, որտեղ նախագահ Մակրոնը տնկել է արծաթափայլ եղևնի: