▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի նորընտիր նախագահի խորհրդականը թուրք է

Թուրքական «Haber-sanliurfa.com» լրատվական կայքի սյունակագիր Օմուր Չելիքդյոնմեզն անդրադարձել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի պաշտոնում թուրք Յակուբ Չելիքի նշանակման փաստին:

Հոդվածագիրը նախ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ևս ունի թուրք խոհրդական՝ մեջբերելով «Assembly of Turkish American Associations»-ի նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովայի խոսքերը. «Թրամփի մերձակա շրջապատում թուրք-ամերիկյան բարեկամական խմբից 5 հոգի կա»: Չելիքդյոնմեզի կարծիքով սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի կապված քաղաքականության մեջ հնարավոր կլինի որոշ ուղղորդումներ անել:

Անդրադառնալով Յակուբ Չելիքի՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահի խորհրդական նշանակվելուն, հոդվածագիրը նշում է, որ այդ երկրում թուրքական համայնքը շատ մեծ չէ, սակայն բավական մեծ ավանդ ունի Ֆրանսիայի հասարակական ու քաղաքական կյանքում: «Ֆրանսիայի քաղաքացի թուրքերը քաղաքականությամբ են զբաղվում: Նրանցից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի խորհրդական, Թուրքիայի Գյումուշհանե նահանգից 29 տարեկան Յակուբ Չելիքն է: Ֆրանսիական լրատվական դաշտը նախընտրում է նրա անունը գրել հրեական «Jacob» (Yakubo) ձևով, ինչի պատճառով շատերը կարող են կարծել, թե նա հրեա է: …Հայտնի է, որ Գյումուշհանեում հայեր ու հույներ են ապրել:

Նույնիսկ որոշ դավադիրներ պնդում են, որ այդ շրջանում ծպտյալ հայեր ու հույներ են ապրում: Սակայն Գյումուշհանեում հրեական համայնքի առկայության մասին գտածս միակ աղբյուրը 2009-ի փետրվարին Ekonomik Forum հանդեսում Գյումուշհանեի վերաբերյալ հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ քաղաքի Սուլեյմանիյե թաղամասում ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ ու հրեաներ: Սակայն Գյումուշհանեի զբոսաշրջային տեղեկագրի մեջ հրեական որևէ հուշարձանի, սինագոգի կամ այլ հետքի մասին տեղեկության բացակայությունը կասկած է առաջացնում այստեղ երբևէ հրեական համայնք լինելու մասին»,- գրում է հեղինակը՝ հաջորդիվ տեղեկություններ հաղորդելով Չելիքի կենսագրականից:

Ըստ այդմ՝ 1970-ականներին Չելիքի ընտանիքը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ ավելի ընտանիքի բոլոր անդամները վերադարձել են Թուրքիա: Ֆրանսիայում կրթություն ստացած ու Սոցիալիստական կուսակցությանն անդամակցած Յակուբ Չելիքը պաշտոններ է զբաղեցրել տեղական ինքնակառավարման մարմիններում: 2014-ին անդամակցել է Մակրոնի «Շարժում» քաղաքական հոսանքին: Հեղինակը նշում է, որ Մակրոնի՝ թուրքական ծագմամբ խորհրդականը, ում աջակցում է ոչ միայն թուրքական համայնքը, այլև մուսուլմանները, հույս է ներշնչում մուսուլմանների նկատմամբ Մակրոնի վարելիք քաղաքականության առումով:

Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ Մակրոնի ընտրվելուց հետո Ֆրանսիայի իսլամական խորհրդի փոխնախագահ Ահմեթ Օղրաշը հայտարարել է, որ Ֆրանսիայի մահմեդականները շատ ուրախ են Մակրոնի ընտրությունից: Նշվում է նաև, որ Յակուբ Չելիքը Մակրոնի թիմում Եվրո գոտու պատասխանատուն է, ինչպես նաև՝ պատգամավորի թեկնածու:

Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին