▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավիրել են հիվանդանոցը. Մարզպետը մանրամասնում է

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում երեքշաբթի, ապրիլի 28-ին, հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքով մարզպետը նոր մանրամասներ են հայտնել:

Հայկական Ժամանակն է գրում ու նշում, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  հայտնել է, որ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»:

Հարցին՝ ինչպե՞ս է պատահել, որ ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել սպանվածի հարազատները, մարզպետն ասել է, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չի համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասաց մարզպետը, չբացառելով, որ ներխուժման հետեւանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գավառում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի՝ 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ: Նախնական տեղեկություններով՝ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են Lada մակնիշի 91 XX 100 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր, ինչպես նաև Niva մակնիշի 23 ՍL 354 համարանիշի ավտոմեքենա, որի վրա նույնպես կան հետքեր: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են մեծ թվով կրակված պարկուճներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին