Բազմիցս խոսվում է երկրում տիրող գաղջ մթնոլորտի մասին: Տարբեր անձինք տարբեր կերպ են մեկնաբանում այս իրավիճակը: Բոլորին կարծես մտահոգում է խնդիրը, սակայն «գաղջը» կարծես ազատ անկում է ապրում հաստատուն արագացմամբ` ավելի ծանր իրավիճակում դնելով քաղաքացուն: Վերջին օրերին ԱԺ-ում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններն ապացույցն են այն բանի, որ իշխանական և ընդդիմադիր ուժերը գիտակցաբար, թե ոչ, միայն էլ ավելի անհուսալի իրավիճակի են բերում քաղաքացուն: Նիստերը սկսվում են օրենսդիրի տարբեր թևերի երկուստեք մեղադրանքներով, ավարտվում նույն տրամաբանությամբ, սակայն 1 տարբերությամբ` օրենսդիրի ընդդիմադիր գործիչների մեղադրանքներին հակադարձ մեղադրանքով պատասխանում են արդեն գործադիրի ներկայացուցիչները:
Իհարկե, ոչ այսօր, բայց ընդամենը մի քանի տարի առաջ երեխաները դաստիարակվում էին այնպիսի հեքիաթներով և մուլտֆիլմերով, որտեղ բարին հաղթում էր չարին, արդարությունը` անարդարությանը: Իսկ այսօր նույն դաստիարակությունը կրողները տեսնում են ընդամենը 1 բան` «Դուք անարդար եք և չար» մեղադրանքին իշխանությունն ըստ էության չհերքելով պատասխանում է «Դուք էլ եք անարդար և չար», սակայն իրականում իշխանության գործառույթը մեղադրանքները փաստերով հերքելն է, և ոչ համարժեք մեղադրանք ներկայացնելը: Իսկ երկուստեք մեղադրանքների արդյունքում քաղաքացին տեսնում է միայն 1 բան. իրեն անհանգստացնող հարցի պատասխանը նա չի ստանում: Քաղաքացու համար իշխանությունը խնդիրները լուծելու համար է: Սակայն այսօր քաղաքացին իշխանություններից լսում է միայն խնդիրների գոյության և այն անհրաժեշտ քայլերիի մասին, որոնք հարկավոր են իրականացնել, իսկ քայլերն այդպես էլ չի տեսնում: Այն, որ իշխանությունները հասարակությանը տեղեկացնում են, թե ինչ քայլեր են պետք, կարող է դրական էֆֆեկտ ունենալ, եթե նպատակաուղղված լինի գործողություններ իրականացնելուն հանրային կարծիքի ուսումնասիրությունից հետո, իսկ ուղղակի այդ մասին խոսելը տանում է դեպի այնտեղ, ուր հասել ենք: Եվ այս ամենից հետո կարծում եմ անիմաստ է քննարկել, թե ինչու է երկրում օր օրի խորանում գաղջ մթնոլորտը և ովքեր են մեղավորները:
Հ.Գ.
Մարդուն ստախոսության մեջ մեղադրելու իրավունք ունի նաև ստախոսը: Անբարոյականության մեջ մեղադրելու մեջ իրավունք ունի նաև անբարոյականը: Մեղադրվողի գործն իր անմեղությունն ապացուցելն է: Մեղադրվողը հակադարձ մեղադրանքի օգնությանը դիմում է միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ իրեն ներկայացված մեղադրանքն անհերքելի է: Ցանկալի է, որպեսզի կողմերից գոնե մեկը կարողանա ապացուցել իր անմեղությունը, սակայն անգամ եթե չի ստացվում, միշտ պետք է տարանջատել` ով է ստանձնել մեղադրող, իսկ ով` մեղադրվողի դերը:
«Գաղջը» կարծես ազատ անկում է ապրում հաստատուն արագացմամբ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet