Երեկ՝ ապրիլի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Կիրակոսյանի նկատմամբ։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Կիրակոսյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Վերջինս կասկածվում է Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանին հրազենով սպանելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանություն կատարողն ու սպանվածը ազգականներ են, սպանվածը սպանողի քեռու տղայի փեսան էր, նա զբաղվում էր ավտոմեքենաների առք ու վաճառքով։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 10։20-ի սահմաններում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին՝ Porsche Cayenne մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենայի մեջ, տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին վարորդի՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ՝ 36-ամյա Գեղամ Աբրահամյանի դին։ Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ նրա վրա կար հրազենի վնասվածք։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում


