«Մենք մեզ չենք կեղծել, գոնե վերջին վեց ամսվա մեջ, ես ցավում եմ, որ իմ որոշ գործընկերներ, ելնելով քաղաքական իրավիճակից, բաներ են ասում, որին, վստահ եմ, իրենք չեն հավատում, գուցե, մեզ են նմանակում, բայց շատ արագ սովորեցին մեր սխալները։ Ժողովուրդ, մի արեք այդպես, մի կեղծեք ձեզ, մեր սխալներից մեկը՝ իշխանության տապալման, նաև դա էր, որ մենք երբեմն մեզ կեղծում էինք, ասում էինք բաներ, որոնց հետ հոգու խորքում համաձայն չէինք», - ԱԺ-ում լրագրողերի հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա իշխանության ներկայացուցիչներին հորդորեց չկրկնել այն սխալները, որոնց պատճառով Հանրապետական կուսակցությունը քաղաքական ճգնաժամի մեջ է:
Աշոտյանը կարծիք հայտնեց, որ ընտրական օրենսգիրքը 24-ժամյա ռեժիմում ընդունելը սխալ է համարում, ինչին ի պատասխան լրագրողները դիտարկում արեցին՝ հիշեցնելով, որ նախորդ իշխանության ժամանակ նախագծեր էին բերվում ԱԺ և հապճեպ ընդունվում:
Արտահերթ ընտրությունների վերաբերյալ էլ Աշոտյանը նշեց հետևյալը.
«Ես այս պահի դրությամբ հորդորում եմ համբերել, «Հանրապետական» խմբակցության պաշտոնական տեսակետը կներկայացնի ֆրակցիայի ղեկավարը՝ շատ հիմնավորված»:
Նա նշեց, թե այսօր կլինի ՀՀԿ-ի պաշտոնական տեսակետը Ընտրական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ։
«Կտեսնենք՝ ինչպես է ավարտվում Ընտրական օրենսգրքի նախագծի՝ Հայաստանի ժողովրդավարությանը պատիվ չբերող գործելաճով քննարկումը, հետո կորոշենք մնացածի մասին», - ասաց նա։