▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Ինջիղուլյանին ձմեռային քաղաքացիական հագուստ են տրամադրել. հերթական հանդիպումը ԿԽՄԿ-ի հետ

Օրեր առաջ ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են  Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին փոխանցեց Հակոբ ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:

«Հանդիպման ժամանակ մեզ փոխանցեցին, որ Հակոբի առողջական վիճակը նորմալ է: Շեշտեցին, որ եղանակով պայմանավորված՝ արդեն ձմեռային քաղաքացիական հագուստ են տրամադրել, այլևս ռազմական համազգեստով չէ: Նաև հաղորդեցին, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպելու են Հակոբին, որի ընթացքում մեր նամակը կփոխանցեն նրան և նրա նամակը՝ մեզ»:

ԿԽՄԿ ներկայացուցիչների և Հակոբ Ինջիղուլյանի հարազատների միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին, որի ընթացքում տեղեկացրել են, որ Հակոբը տեղափոխվելու է երրորդ երկիր:

Հարություն Ինջիղուլյանը նշեց, որ այս հանդիպման ժամանակ Հակոբի՝ երրորդ երկիր տեղափոխվելու ժամկետների մասին խոսք չի եղել: Սակայն տեղեկացրել են, որ իրենց փորձի համաձայն՝  սովորաբար երրորդ երկիր տեղափոխվելու համար պահանջվում է 1 տարի, իսկ հայրենիք  վերադառնալու համար՝ 3-4 ամիս:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հավաստիացրել է, որ եթե Հակոբը վերադառնա Հայաստան, նրան քրեական հետապնդում չի սպասվում:  

Հիշեցնենք նաև, որ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, թե  հիմնավոր կասկածներ ունի, որ Հակոբն իր ցանկությամբ չի տեղափոխվում երրորդ երկիր:

 Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին