▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակոբ Կարապետյանը` փոխքաղաքապետի`քրեական գործով անցնելու լուրերի մասին

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Hraparak.am լրատվական կայքում տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն «անցնում է» փետրվարի 5-ին հայտնի դարձած՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանին մեղսագրվող կաշառք ստանալու քրեական գործով:

Թեև կայքի լրագրողի հետ հեռախոսազրույցում Հայկ Սարգսյանն անձամբ հերքել է այս բամբասանքը, այնուհանդերձ, ապատեղեկատվությունը տարածվել է լրատվամիջոցով:
     Կրկին հայտնում ենք, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը որևէ քրեական գործի, առավելևս, «Վահագն Վերմիշյանի» գործի հետ առնչություն չունի որևէ կարգավիճակով: Տեղեկացնում ենք նաև, որ, հակառակ հիշյալ նյութում առկա տեղեկության, Հայկ Սարգսյանը չի համակարգում կամ չի վերահսկում շինարարության ոլորտը:

Քաղաքապետի տեղակալի անվան արծարծումը նմանատիպ նյութերի տարածման մեջ համարում ենք քաղաքային իշխանության և քաղաքապետի տեղակալի անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորման փորձ:

Հորդորում ենք լրատվամիջոցներին չտարածել ապատեղեկատվություն պարունակող նյութեր, իսկ Hraparak.am կայքին առաջարկում ենք համարժեք հերքում հրապարակել՝ համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջների»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին