▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համերաշխ եղեք, միմյանց հետ խաղաղություն պահեցեք. Գարեգին Բ

Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը Ամանորի առթիվ.

«Տարեմուտի խորախորհուրդ երեկոն է: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերը եւ օրհնությունն ենք բերում ձեզ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս:

2015 թվականը սրբության լույսով է բացվում մեր կյանքում: Նշելու ենք 100-ամյա տարելիցը Հայոց Ցեղասպանության: Ապրիլի 23-ին սրբոց շարքն ենք դասելու մեր անմեղ նահատակներին: Վերարժեւորելու ենք մեր նահատակ զավակների սխրանքը, ովքեր չուրացան Քրիստոսին, հայրենիքն ու ազգը, որ հավատարմության բարձրագույն օրինակով սրբության վկայություն է: Կատարելու ենք նաեւ մյուռոնօրհնության սրբազան արարողությունը, որպեսզի աստվածային շնորհաբաշխումով պայծառանա ու զորանա հավատքի մեր կյանքը, եւ ի սփյուռս աշխարհի մեր ժողովրդի զավակները Աստծո հովանու եւ պահպանության ներքո ապրեն սիրով ու միասնական, խաղաղության, ապահովության ու բարօրության մեջ:

Նոր տարվա սեմին վերստին փառք ենք մատուցում Տիրոջը, որ մեր ժողովուրդը իր հավատքի զորությամբ ուժականությունն ունի ժամանակների փորձություններն ու դժվարությունները հաղթահարելու, պետականություն կերտելու, արցախյան գոյամարտը հաղթանակով պսակելու եւ ի սփյուռս աշխարհի միախորհուրդ ու միասնական կյանքով` իր ապագան կառուցելու: Լավատեսության ոգով բարի իղձեր ու նպատակներ ունենք հզորացնելու մեր հայրենիքը, մեր արդար դատը պաշտպանելու եւ բարօր, շեն ու պայծառ դարձնելու ազգային մեր կյանքը:

Խռովահույզ է այսօր աշխարհը. տագնապներ, ճգնաժամեր, հակամարտություններ, որոնցից տուժում են նաեւ մեր երկիրն ու ժողովուրդը: Խնդիրներ, մարտահրավերներ կան հայրենական մեր կյանքում: Անկայուն է խաղաղությունը եւ մեր սահմաններում: Մեր Հայրենիքը ապահով, մեր սահմանները պաշտպանված, պետական-հասարակական մեր անդաստանը խաղաղության մեջ պահպանելու եւ համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունը ամենքինս է: Աստծո հետ, տերունապատվեր եղբայրսիրությամբ, միմյանց աջակից ու զորակից, հաշտության ու խաղաղության ոգով, միասնական ջանքերով ի զորու ենք նեղություններն ու դժվարությունները հաղթահարելու, ձեռքբերումներն ու հաջողություններն ամրագրելու եւ իրական դարձնելու մեր սրտերում փայփայած բոլոր բարի իղձերը:

Տարին նվիրական է սրբության լույսով: Տարին հրավեր է ազգային արթնության, կոչ է հոգեւոր նորոգության, ինքնամաքրման, պատգամ է հանձնառության, պատվիրան` սիրո եւ հավատքի գործերի: Զորանանք մեր կոչման եւ ծառայության մեջ, մեր նվիրումը, ջանքը եւ ամեն կարելիությունը բերենք ազգին, հայրենիքին, մեր Սուրբ Եկեղեցուն եւ մեր զավակներին փոխանցենք ծաղկուն ու զարգացող երկիր եւ քրիստոնեական արժեքներով ամուր ազգային կյանք:

Առ Աստված աղոթքով հայցում ենք, որ ազգս հայոց մնա Տիրոջ օրհնության ու շնորհների ներքո, հեռու լինի փորձություններից, Աստծո զորակցությունն ու Սուրբ Հոգու մխիթարությունը ապավեն լինեն բոլոր նեղյալներին ու վշտացյալներին, եւ Տիրոջ ամենախնամ Աջի պահպանությունը հովանի լինի հայրենյաց պաշտպան մեր զավակներին եւ բոլոր նրանց, ովքեր տոնական այս պահին գտնվում են իրենց ծառայական պարտականությանց մեջ:

Աղոթք ենք բարձրացնում հակամարտությունների եւ պատերազմների դժվարությունները կրող ժողովուրդների, Մերձավոր Արեւելքում եւ Ուկրաինայում ապրող մեր ժողովրդի զավակների համար` խնդրելով, որ խաղաղությունն ու ապահովությունը շուտով հաստատվեն նրանց կյանքում:

Խաղաղություն, սեր եւ բարօրություն ենք մաղթում աշխարհին եւ համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին, մեր Հայրենիքին, ձեր ընտանիքներին, սիրելի զավակներ Մեր: Բարի տարի ամենքիդ, Աստծո առատ օրհնությունը` ձեր կյանքին եւ հույսերին: «Հույսով ուրախացեք, բարին խորհեցեք, համերաշխ եղեք, միմյանց հետ խաղաղություն պահեցեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին