Մի անգամ այս թեմայով գրառում արդեն արել եմ, հիմա ուզում եմ ևս մի երկու դատողություն անեմ մեր ամենահավանական ապագայի մասին, որի ամենաբնութագրական գիծը, հավանաբար, ներկա վիճակի հետ համեմատած՝ զարգացման բացակայությունն է լինելու:
Մեզանում մի փոքր խոչընդոտ ունենք (այլ մեծ պրոբլեմների կողքին), որը հաղթահարելու կամք ու գիտելիք, ընդհանուր առմամբ, չենք ունենալու: Բանն այն է, որ հասարակական հարաբերությունները կարգավորվում են սոցիալական ինստիտուտների միջոցով՝ ընտանիք, կրթություն, պետություն (սա էլ է սովորական սոցիալական ինստիտուտ՝ տարբերվող գործառույթներով), բանակ և այլն: Սոցիալական ինստիտուտները (լատ. institutum - ավանդույթ) անդեմ կառույցներ են, որոնք ունեն ինքնակազմակերպան և ինքնակառավարման անհրաժեշտ ու բավարար միջոցներ, և քանի դեռ խանգարող չկա, նրանք բնականոն զարգանում են, զարգացնելով նաև ընդհանուր առմամբ հասարակական հարաբերությունները, հետևապես նաև՝ հասարակությունը:
Օրինակ, երբ ընտանիքում երեխաներից մեկը երաժշտական հակումներ ունի, մյուսը՝ մաթեմատիկայի նկատմամբ, երրորդն էլ մեքենա վարել է սիրում, ուրեմն նորմալ ընտանիքի դեպքում առաջինը կոնսերվատորիա է գնում, երկրորդը դառնում է գիտնական, երրորդն էլ՝ վարորդ, և բոլորը երջանիկ են, երջանիկ են նաև նրանց ծնողները, որովհետև տեսնում են, որ երեխաները երջանիկ են՝ ամեն մեկը զբաղվում է իր սիրած գործով: Իսկ եթե այդ ընտանիքում անառողջ մթնոլորտ է, ապա երեքն էլ դառնում են միջազգայնագետ, հարկայինի աշխատող կամ նոտար ու դժբախտ պատուհաս դառնում իրենց ու հասարակության համար:
Սոցիալական ինստիտուտների բնականոն կյանքը խանգարելու շատ ձևեր կան, և դրանցից մեկի մասին էր նաև վերևի օրինակը. երբ սոցիալական ինստիտուտը սկսում է ապրել ոչ թե իր ավանդական, այլ՝ որևէ անձի կողմից հորինված սկզբունքներով (հոր, հրամանատարի, նախագահի և այլն), ապա հասարակությունը սկսում է ապրել իր համար օտար կյանքով, դառնում է ինչ-որ մեկի վատ երազի մասնակից: Մարդկանց մեջ սոցիալական ինստիտուտների կյանքը սեփական անձով պայմանավորելը իսկական հիվանդություն է, որը նկատելի է և՛ տանը՝ ծնողների կողմից, և՛ դպրոցում՝ ի դեմս տնօրենի կամ ուսուցչի կամայականությունների, և՛ բուհում՝ ի դեմս ինչ-որ մակարդակի որոշում ընդունողների, և՛ առհասարակ՝ պետության մեջ ամենուրեք:
Այդ մոլությունը մարդկանց մեջ մտնում է ընտանիքից և ավելի ուշ՝ սոցիալականցման ընթացքում: Եվ այդ հիվանդությունը մարդկանց մեջից հանել մենք, երևի թե, չենք կարողանալու, որովհետև պետք է փոխենք մեր պատկերացումները դաստիարակության, սովորելու, շփվելու, աշխատելու և պատասխանատու լինելու մասին: Եվ չենք փոխելու, որովհետև մեկ սերնդի կյանքը քիչ է դրա համար:
Թեպետ, ոչ մի վատ բան չէր լինի, եթե սոցիալական ինստիտուտը ղեկավարվեր ոչ թե ժամանակի փորձությունն անցած ավանդույթներով, այլ որևէ անձի կողմից, այն պայմանով, որ այդ անձի կառավարումը լինի ավելի ռացիոնալ, տրամաբանական և հիմնավոր, քան դարերի փորձը: Իսկ դրա համար պետք է փայլուն կրթություն ստանալ: Իսկ մեր դպրոցն ու բուհը խորը ճգնաժամի մեջ են: Այնպես որ՝ հայաստանյան իրականության մեջ մի փորձեք հաջողակ լինել, փորձեք երջանիկ լինել: Միևնույն է՝ զարգացում մեզ չի սպառնում, գոնե երջանկություն զգանք: