▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը
«Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։
Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։
Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին։
Որպեսզի ընկալելի լինի, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք, այս պարագայում Տավուշում, չհանձնել հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը»։

***

Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների հայտարարությունը՝ Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ` ստորև․
Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։
Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները:
Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։
Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում:
Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։
Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։
Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։
Սրտաբուխ աղոթքով հայցում ենք Երկնավոր Տիրոջից, որ խաղաղության ու համերաշխության շնորհները հեղի մեր երկրի և ժողովրդի կյանքում և անվտանգ ու անսասան պահի Հայոց անկախ պետականությունը»։

* * * 

Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի պատասխան ինձ հրավիրել է իր հաղորդմանը հյուր: Այս մասին գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։

«Որոշ թյուրընկալումներ բացառելու համար ցանկանում եմ վերստին շեշտել, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է ոչ թե անձամբ ինձ, այլ առհասարակ եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցելու խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին:

Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները, և այս առումով Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է, և վաղը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանը բարձրաստիճան եկեղեցականներից մեկը պատրաստ է ներկայացնել Եկեղեցու տեսակետները:

Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:

Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով»,– գրել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին