▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարցեր առանց հաճելի պատասխանների

Արտագաղթի միջոցով հնարավոր է պահպանե՞լ ազգային մշակույթը

Արտագաղթն անուղղակիորեն նպաստու՞մ է ազգային մշակույթի պահպանմանը

Այլ կերպ ասած՝ ինձ հետաքրքրում է արտագաղթի թեման՝ ազգային մշակույթի տեղափոխման, տեղահանման (?) և ազգային մշակույթի պահպանության տեսակետից:

Բանն այն է, որ արտագաղթողներն իրենց հետ նաև մշակույթ են տանում, քանի որ իրենք այդ մշակույթի՝ լեզվի, ավանդույթների և ինքնության կրողներն են:

Երկրորդ բանն այն է, որ այդ մշակույթն իրենց խիստ անհրաժեշտ է՝ սփյուռքի հայկական օջախներում նույնականացվելու և այլ երկրներում աշխատանք գտնելու, սոցիալականացվելու և ապագա ձևավորելու համար:

Երրորդ բանն այն է, որ մշակութային օտար միջավայրում քո ազգային մշակույթն ակտուալանում է, քանի որ ինքն է դառնում քո ինքնանույնականացման հիմնական միջոցը, յուրայիններին ճանաչելու և օտարներին ֆիքսելու գլխավոր գործիքը: Ուրեմն, սփյուռքի հայկական օջախները (ուր հիմնականում մեկնում են արտագաղթողները) ազգային մշակույթի և ինքնության պահպահման հզոր օջախներ են:

Իսկ մեր պետությունն ու հասարակությունը դա չեն կարո՞ղ անել, որ ազգային ինքնությունն և մշակույթը վերգտնելու հարցում սփյուռքն է դառնում առաջնային օջախ: Կարող են, իհարկե, բայց մեր պետությունը զարգանում է հանրային կյանքի կազմակերպման եվրոպական մոդելով, որտեղ քաղաքացիների ազգային, կրոնական, սեռական և գաղափարական կողմնորոշումները պետության իրավասություններից դուրս են մղվում և թողնվում են մարդկանց խղճին: Այլ կերպ ասած՝ պետությունը կրթության, դաստիարակության և գաղափարախոսության միջոցով վերանձնային արժեքներ չի պարտադրում, ինչի արդյունքում մարդկանց մոտ ձևավորվում են անհատապաշտական արժեքներ, որոնց կրողն է նաև մեր հասարակության մի մասը (երևի թե՝ զգալի մասը): Դա այսպես կոչված սպառողական և բուրժուական արժեքներն են: Դրա մասին ժամանակին գրել եմ, հիմա չմեկնաբանեմ: Այս պահին կարևոր է արձանագրել այն, որ այդպիսի արժեհամակարգի պայմաններում մեր երկրում քչանում, պակասում է հայկականությունը:

Արտագաղթի հետևանքով մոլորակի տարբեր ծայրերում ձևավորվող ազգային-մշակութային օջախները հենց այդ հայկականությունն են պահպանում, ոչ բոլոր դեպքերում, իհարկե, բայց՝ հիմնականում: Ինչու՝ ոչ բոլոր դեպքերում, սա էլ հետաքրքիր հարց է, որն արժե ուսումնասիրել, բայց մեկ ուրիշ անգամ:

Այս պահին արձանագրենք, որ
ա) ազգայինը պահպանվում է մշակույթով և պետությամբ;
բ) մեր պետությունն ազգային է, բայց առաջին հերթին ազգային շահի պահպանման, ոչ թե՝ ազգային մշակույթի պահպահման առումով;
գ) ազգային մշակույթի պահպահման բեռը կրում են հայերը և նրանց կողմից ստեղծվող ազգային-մշակութային կառույցները;
դ) բայց Հայաստանում հայկականությունը գնալով քչանում է, հայկականությունը որպես վերանձնային միավորող երևույթ պակասում է, այդ տեղը զբաղեցրել են արևմտյան սպառողական հոգեբանությունը և կյանքի նպատմամբ հաճույքապաշտական ու կոնֆորմիստապաշտական վերաբերմունքը;
ե) այսպիսի պայմաններում ազգային մշակույթի պահպանման և սերնդափոխության հիմնական ծանրաբեռնվածությունը, կամա թե ակամա, մնում է սփյուռքի հայկական օջախների վրա;
զ) եթե այսպես շարունակվի, ապա մոտ ապագայում, ազգային-մշակութային իր դիմագիծն ու ինքնանույնականացումների համակարգը վերագտնելու նպատակով, հայաստանաբնակ հայությունն ու Հայաստանի հանրապետությունը դիմելու են սփյուռքին, որը մշակութային մայր-օջախում՝ Հայաստանում՝ մշակութային աղետների դեպքում դառնում է ազգային ինքնության վերաձևակերպման այլընտրանքային աղբյուր:

Բավականին չուսումնասիրված, բայց հասկանալ պահանջող թեմա է: Հուսամ, քննարկման միջոցով որոշ հարցերի պատասխաններ դուրս կգան:

Մովսես Դեմիրճյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին