Անդրադառնալով մամուլում տեղ գտած հրապարակումներին՝ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի կանխարգելել Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում միկրոտարրերի և վիտամինների անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների, մասնավորապես երկաթի և ֆոլաթթվի անբավարարությամբ պայմանավորված` երեխաների և կանանց սակավարյունության, երեխաների ճանաչողական զարգացման դանդաղման և իմունային մեխանիզմների խաթարման, կանանց շուրջծննդաբերական բարդությունների, բնածին արատների /ողնուղեղային ճողվածք, ուղեղի ջրգողություն/, մեծահասկաների ֆիզիկական աշխատունակության վատթարացման, սրտանոթային հիվանդացության ու մահացության և այլ անբարենպաստ երևույթների առաջացումը:
hetq.am-ի փոխանցմամբ՝ ալյուրի հարստացման ծրագրի հիմքերից մեկը 2005-ին անցկացված Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունն է (ՀԺԱՀՀ), որն անցկացվել է նաև 2000 ու 2010 թթ.: Հետազոտություններն անցկացրել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ու առողջապահության նախարարությունը: Տեխնիկական աջակցություն է ցուցաբերել ամերիկյան «ORC Macro» (2009-ից ` «ICF International») ընկերությունը, իսկ ֆինանսավորողը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն է (USAID):
Ավելին՝ կայքը նշում է, որ Կառավարության հավանության արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագիծը դեռևս քննարկման չի դրվել Ազգային ժողովում, մինչդեռ հարստացման համար նախատեսված սարքավորումներն արդեն ձեռք են բերվել:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում