Հաշվեքննիչ պալատը լուրջ թերացումներ է հայտնաբերել Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում, որը վերաբերում է բրիգադների արդյունավետ բաշխվածությանը, ծանրաբեռնվածությանը, կանչերի գրանցմանը, սպասարկմանը:

hetq.am-ն է գրում ու մանրամասնում․
Երևանում շտապ բժշկական օգնության ծառայությունն իրականացվում է Երևան համայնքի կողմից հիմնադրված «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն: Վերջինս իրականացրել է քաղաքի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն` ուսումնասիրության ժամանակ մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բրիգադներով: Դրանցից 10-ը վերակենդանացման բրիգադներ են, 23-ը՝ գծային, 1-ը՝ հոգեբուժական և 2-ը՝ ֆելդշերական:
Երևանի «Շտապբուժօգնություն»-ն անհրաժեշտության դեպքում սպասարկում է նաև կանչեր մարզերից (սանավիացիա)։
Երևանում շտապ բժշկական օգնությանն է բաժին ընկնում առողջապահության նախարարության կողմից իրականացվող «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրի 43%-ը: Մայրաքաղաքում շտապ բժշկական ծառայությունները ֆինանսավորվում են պետական պատվերի պարզ ընթացակարգով՝ նախարարության և «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի շչրջանակում:
Ըստ Հաշվեքննիչ պալատի եզրակացության՝ 2017թ.-ին կողմերի միջև կնքված պայմանագրի արժեքը կազմել է մոտ 1 մլրդ 377 հազ. դրամ, իսկ 2018-ին՝ մոտ 1 մլրդ 383 հազ, դրամ: Քանի որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ֆինանսավորումն իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարը, 2017-ին կանչերից ֆինանսավորվել է միայն 83,3%-ը, իսկ 2018-ին՝ 84,2%-ը:
Նշենք, որ հաշվեքննությունն ընդգրկում է 2017թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, իսկ այն կատարվել է 2019թ. սեպտեմբեր- դեկտեմբեր ամիսներին:
2017-2018թթ. Երևանում շտապօգնության բրիգադրների ձևավորումն իրականացվել է 30 հազ. բնակչին մեկ բրիգադ սկզբունքով: Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները, դիտարկելով 36 բրիգադների ու Երևանի մշտական բնակության թիվը, պարզել են, որ 30 հազ. բնակչին մեկ բրիգադ սկզբունքը 2017-2018թթ.-ին ապահովվել է, սակայն Կենտրոն վարչական շրջանի ցածր ցուցանիշի՝ 19 հազ. 620 բնակչի հաշվարկով, որը միջինացված տվյալներով Երևանում ցույց է տվել նորմայի սահմաններում արդյունք: Սակայն, դիտարկելով այլ վարչական շրջանների տվյալները, 30 հազ. բնակչին մեկ բրիգադ սկզբունքը չի ապահովվել: Օրինակ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում 37 հազ. 970 բնակչին բաժին է հասել մեկ բրիգադ, Արաբկիր և Քանաքեռ Զեյթունում՝ 37 հազ 830 բնակչին մեկ բրիգադ և այլն: Ավելին, 2019թ. հունվարի 1-ի դրությամբ Երևան քաղաքում մեկ բրիգադին բաժին է հասել 30 հազ. 50 բնակիչ:
Հաշվեքննիչ պալատին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի հայտնած տեղեկատվության համաձայն 2019թ. սեպտեմբերի 1-ից ավելացվել է բրիգադների թիվը՝ Չինաստանի կողմից Հայաստանի կառավարությանն անհատույց տրամադրած շտապօգնության ավտոմեքենաների հաշվին:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


